Պուտինն ափսոսանք է հայտնել ԼՂ-ում դեռևս գրանցվող միջադեպերի և զոհերի կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ափսոսանք է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առկա խնդիրների կապակցությամբ։ Նա նաև ընդգծել է Ադրբեջանի ու ՌԴ հարաբերությունների ռազմավարական բնույթը։ «Մեր ռազմավարական համագործակցությունը միանգամայն հաջող է զարգանում։ Բավարար է ասել, որ չնայած բոլոր համաճարակային խնդիրներին ու դրանով պայմանավորված տնտեսական սահմանափակումներին՝ ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով։ Սա լավ ցուցանիշ է»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ հաջորդ տարի լրանում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։
Պուտինը նաև շեշտել է, որ ՌԴ-ից 4,5 միլիարդ ուղիղ ներդրումներ կան Ադրբեջանում։ Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ՌՂ ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում մինչ օրս երբեմն խնդիրներ են առաջանում և ժամանակ առ ժամանակ զոհեր են գրանցվում։ «Կան խնդիրներ, կան միջադեպեր։ Ցավոք, մինչ օրս զոհեր են գրանցվում»,- ասել է Պուտինը՝ նշելով ռուս խաղաղապահների դրական դերակատարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում։ «Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման հարցին, այստեղ մեր խաղաղապահները, ինձ թվում է, դրական դեր են խաղում, արդյունավետ է աշխատում ռուս-թուրքական հրադադարի վերահսկման կենտրոնը»,- ասել է նա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին ասել է, որ բարձր է գնահատում Պուտինի և ռուս խաղաղապահների դերը Ղարաբաղում խաղաղության պահպանման գործում և հույս ունի շարունակել այդ աշխատանքը հաջորդ տարի։
Կարծիքներ