Երևանի Սարյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

Երևանի Սարյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:55-ի սահմաններում թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և գոտկային շրջանի ծակած-պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:  

Մինչ բժիշկները պայքարել են վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 49-ամյա Էդուարդ Մ-ն է:  

Ըստ աղբյուրի՝ կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «աջ գոտկային շրջանի ծակած-պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մի քաղաքացի:  

Ոստիկանները պարզել են, որ երկրորդ վիրավորը Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Ա-ն է: 

Նաև պարզվել է, որ նշված անձինք դանակահարվել են Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում: Ոստիկանները նրանց հետ վիճաբանելու ու դանակահարելու կասկածանքով բերման են ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Հ-ին և Երևանի բնակիչ 26-ամյա Ռուբեն Մ-ին: 

Նարեկ Հ-ն և Ռուբեն Մ-ն կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ են արձակվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում