Վիեննայում քայլեր են արվել ճիշտ ուղղությամբ, սական ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցությունների անհրաժեշտություն չկա. Իրանի ԱԳՆ
Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ կայացած խորհրդակցությունները ցույց են տվել, որ առաջընթացն այս ուղղությամբ հնարավոր է, սակայն Թեհրանը նախկինի պես ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
Նրա խոսքով՝ Վիեննայում քայլեր են արվել «ճիշտ ուղղությամբ»: «Վիեննայում կայացած խորհրդակցությունները ցույց տվեցին, որ առաջընթացը հնարավոր է: Միևնույն ժամանակ իրավիճակն այժմ հեշտ չէ: Թվում է, որ ԱՄՆ գործող վարչակազմում կան այնպիսիները, որոնք ավելի շատ հավատարիմ են Դոնալդ Թրամփի սահմանած պատժամիջոցներին, քան Բարաք Օբամայի կնքած իրանական գործարքին»,- ասել է Խաթեբզադեն՝ շեշտելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին ԱՄՆ-ի վերադարձի անհրաժաշետությունը:
Վերջինս կարծիք է հայտնել, որ նման քաղաքական որոշում պետք է կայացնի երկրի նախագահ Ջո Բայդենը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր են անմիջական շփումներն ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև Վիեննայում կամ որևէ այլ վայրում, Խաթիբզադեն նշել է. «Ուղիղ կամ ոչ անմիջական շփումներ չեն եղել Վիեննայում, քանի որ նոր բանակցությունների անհրաժեշտություն չկա. մենք արդեն բոլոր մանրամասնություններով քննարկել ենք միջուկային գործարքը»:
Իրանական միջուկային հարցով գործարքը կնքվել է 2015 թվականին միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ) և Իրանի միջև: 2018 թվականին ԱՄՆ-ն Թրամփի որոշմամբ դուրս է եկել գործարքից:
Կարծիքներ