Արցունքաբեր գազ է փչել գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել նրա մոտ եղած գումարը
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06։54-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում բնակվող 21-ամյա մի աղջիկ և հայտնել, որ շենքի շքամուտքում անհայտ տղամարդը արցունքաբեր գազ է փչել իր դեմքին և հափշտակել ձեռքի դրամապանակը, որի մեջ եղել են 9000 դոլար, 220 000 դրամ, փաստաթղթեր և բանկային քարտեր:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Մայրաքաղաքի Թումանյան փողոցի բնակիչ 30-ամյա երիտասարդը նույն օրը Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին ու տվել խոստովանական ցուցմունք: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժած Ա. Ասլանովան «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհի է։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի մեղադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ: 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ