«Կամք, իմաստություն, սեր». անվանի հայ արվեստագետների բացառիկ գործերը կներկայացվեն մեկ հարթակում
Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Գյուրջյանի, Գրիգոր Խանջյանի, Մինաս Ավետիսյանի, Սերգեյ Փարաջանովի և մի խումբ այլ անվանի հայ արվեստագետների աշխատանքներ, որոնցում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի կերպարը, ներկայացվելու են «Կամք, իմաստություն, սեր» խորագրով ցուցահանդեսում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին Հայաստանի նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում:
Արդի հայ արվեստագետների աշխատանքների հետ համատեղ ցուցադրվելու են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի թանգարաններից ընդգրկված աշխատանքներ:
Ցուցահանդեսը կոչված է վերանայելու մեր ապրած դարաշրջանը՝ հայոց ոգին ամրացնելով «կամքի, սիրո և իմաստության արժեքներով»: Նույն օրը տեղի կունենա նաև Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը:
Կարծիքներ