«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում հերթական 10 հազար ծառը կտնկվի Սևանա լճի ափին

«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում հերթական 10 հազար ծառը կտնկվի Սևանա լճի ափին

Շրջակա միջավայրի նախարարությունը մեծ թափով շարունակում է «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկը, Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

 

«Ինչպես արդեն հայտարարել էի, ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում՝ «Սևան» ազգային պարկի տարածքում, «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում կտնկվի ևս 10.000 ծառ։

 

Նախքան ծառատունկը «Սևան» ազգային պարկը նախաձեռնել է հանրային №1 լողափում (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա) իրականացնել մաքրման աշխատանքներ։

 

Մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով՝ «Սևան» ազգային պարկի կողմից մասնակիցներին կտրամադրվեն աղբահավաք պարկեր և ձեռնոցներ։

Աշխատանքները կմեկնարկեն 09։00-ին։ Համայնքի բոլոր բնակիչներին, կրթական հաստատություններին, հասարակական կազմակերպությունների և բնապահպանական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ Սևանա լճի առափնյա հատվածի մաքրման աշխատանքներին։

 

Ժամը 13։00-ին «Սևան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Մարտունու տեղամասում կիրականացվի ծառատունկ՝ մասնաճյուղի տնկարանում աճեցված բարդի տեսակի տնկիներով: 5000 տնկին կտնկվի Մարտունու տեղամասում, մյուս 5000-ը՝ մարզի այլ համայնքներում։

 

Այս պահին ընթանում են ծառերի տնկման համար նախապատրաստական աշխատանքներ։

 

Հանրային №1 լողափի մաքրման և ծառատունկի աշխատանքներին ինձ հետ միասին կմասնակցեն նաև նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը»,- տեղեկացրել է նախարարը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում