Ամեն ինչ նորմալ է, այնտեղ մնացած տղաները «դուխով» են, ինչպես ձիգ եղել են, այնպես էլ մնացել են մինչ օրս. վերադարձված ռազմագերի Վաղարշակ Մալոյան
Քիչ առաջ Քննչական կոմիտեում ավարտվեց այսօր Ադրբեջանից Հայաստան վերադարձած ութ գերիների հարցաքննությունը։
Ռազմագերիներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտնեց, որ հարցաքննությանը հետաքրքրվել են, թե ինչ է տեղի ունեցել։
Ինչ վերաբերում է գերությանը, ապա Վաղարշակ Մալոյանն ասաց. «Ամեն ինչ նորմալ է, այնտեղ մնացողներն էլ բոլորը «դուխով», հույսով, հավատով ամեն օր սպասում են տուն գալուն։ Տղաները ինչպես ձիգ եղել են, այդպես էլ մնացել են մինչ օրս, իրենց ոչինչ չի կարող կոտրել, իրենք ամուր հույս ու հավատ ունեն, բոլորը սպասում են տուն վերադարձին»։
Հարցին, թե իր պատկերացմամբ քանի անձ կա, որ դեռ գերության մեջ է, Մալոյանն ասաց, որ չի կարող ասել, տեղյակ չէ։
Ի պատասխան հարցի, թե առողջական խնդիրներ ունեն, թե ոչ, ասաց, որ անձամբ ինքը դեռ լավ է, թե հետո ինչ կլինի, չգիտի։
Հարցին, թե ինչ պլաններ ունի, Մալոյանը հայտնեց, որ գնալու է տուն իր հարազատների, ընկերների հետ նշելու է վերադարձը։
Նա նաև հայտնեց, որ ինքը պահեստազորային է եղել, կռվել է Ջրականում, երկրորդ անգամ այդ հատված գնալուց հայտնվել է թշնամու ձեռքում։
Հիշեցնենք, որ այսօր վերադարձվել է ութ ռազմագերի։ Նրանք են՝ Սարգիս Տարզյանը, Վարդգես Բալայանը, Արմեն Պետրոսյանը, Արթուր Բաբայանը, Հմայակ Սարգսյանը, Գուրգեն Գալոյանը, Գրիգոր Կյուրեղյանը և Վաղարշակ Մալոյանը։
Կարծիքներ