«Ես այսօր եղել եմ Որոտանում, վաղը լինելու եմ Շուռնուխում և Բարձրավանում, և չեմ գնալու Սյունիքից մինչև անվտանգային խնդիրների լուծումները իմ կողմից չնշմարվեն»․ Սուրեն Պապիկյան
Այսօր Կապանի հրապարակում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքի ընթացքում, որտեղ ելույթ ունեցավ նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին, նշեց, որ այն փակվել է հայկական կողմից՝ անվտանգության նկատառումներից ելնելով և շեշտեց, որ կա ընտրություն և այն պարզ է՝ «Զանգեզուրի միջանցք» չի՛ լինելու։
Միաժամանակ, Պապիկյանը նշեց, որ Հայաստանը չի հրաժարվում նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների տեքստերից։
«Այո՛, մենք այսօր էլ, պատրաստ ենք գնալ ճանապարհների ապաշրջափակման, բոլոր կոմունիկացիոն ուղիների հավասար բացման ճանապարհով։ Կրկնում եմ՝ Սյունիքի կենտրոն Կապան քաղաքում ՀՀ սուվերենությունը քննարկման, խաղարկման, շահարկման առարկա լինել չի կարող։ Այո՛, մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, բայց խաղաղությունը իրենից ենթադրում է արժանապատվություն և սուվերենություն», - ասաց Սուրեն Պապիկյանը։
Փոխվարչապետն անդրադարձավ նաև 2021 թվականի համապետական ընտրությունների ժամանակ իրենց տրած խոստումներին, ասելով, որ դրանք հետևողականորեն կատարվել են, կատարվում են և կատարվելու են։ Սուրեն Պապիկյանը հիշատակեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնաբաժիններում պետական մասնաբաժին ունենալու հանգամանքը և նշեց, որ պետք է պետությունը հնարավորություն ունենա ստանալ վերահսկող փաթեթ և վստահություն հայտնեց, որ դա տեղի է ունենալու։
Փոխվարչապետը խոստացավ, որ Կառավարությունը սկսելու ԶՊՄԿ-ի ընդլայնման ծրագիրը և ծրագրված է, որ Հայաստանը խտանյութ արտահանող երկրից վերածվելու է մետաղ ձուլող և դրանից այլ արտադրանք ստեղծող արդյունաբերական երկրի։
«Հայտնի՝ Պրոֆիլակտորիային կից ճամբարը պետք է վերադարձվի կապանցուն ։ Սա խոստում է, որն իրականացվելու ճանապարհին է», - վստահեցրեց Սուրեն Պապիկյանը։
Անդրադառնալով անվտանգային հարցերին, Պապիկյանը նշեց, որ որևէ քաղաքացի միայնակ չի մնալու դժվարության պահին։ «Ես այսօր եղել եմ Որոտանում, վաղը լինելու եմ Շուռնուխում և Բարձրավանում, և չեմ գնալու Սյունիքից մինչև այդ խնդիրների լուծումները իմ կողմից չնշմարվեն», - ասաց Սուրեն Պապիկյանը։
Կարծիքներ