Շիրակում ընթացքի մեջ են 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները. Նազելի Բաղդասարյան
Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու և իրականացված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել եմ Շիրակ և Փանիկ բնակավայրեր։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում:
«Շիրակում ընթացքի մեջ են 46 երեխայի համար նախատեսված 2 խմբասենյակով մանկապարտեզի կառուցման աշխատանքները։
74 մլն 122 հազար դրամ արժողությամբ ծրագրի գումարի 60 տոկոսը տրամադրելու է պետությունը, 40-ը՝ համայնքը։
Իսկ Փանիկում հիմնանորոգվում է մշակույթի տունը։ Սուբվենցիոն ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին, աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով։ Առաջին փուլի արժեքը 65 մլն 518 հազար դրամ է, գումարի 45 տոկոսը կհատկացնի պետությունը, 55-ը՝ համայնքը։ Երկրորդ փուլով մշակույթի տան նորոգման համար նախատեսվել է 100 մլն դրամ՝ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Շինաշխատանքների ընթացքին հետևելուց հետո, Փանիկում մարզային իշխանության ներկայացուցիչների, Արթիկ համայնքի ղեկավարի և պատասխանատուների մասնակցությամբ արտագնա նիստ ենք անցկացրել, որի ժամանակ քննարկել ենք նախորդ տարվանից 2022 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի և 2022 թվականին ներկայացված ծրագրային հայտերի ընթացքը։
Եվս մեկ անգամ ընդգծել եմ, որ մեզ համար սուբվենցիոն ծրագրերի նպատակայնությունն ու համայնքների առաջնայնությունները հաշվի առնելով իրականացնելը կարևոր նախապայման է, շատ կարևոր է նաև որակյալ շինարարությունն ու ժամկետների մեջ տեղավորվելը։ Ի վերջո, պետք է հասնենք նրան, որ ցանկացած տիպի շինարարություն, որը պետության միջոցներով է իրականացվում, կառավարության ծրագրերով է և համայնքների մասնակցությամբ, ունենա անհրաժեշտ արդյունք։
2022 թվականին մարզի 6 համայնք ներկայացրել են 44 ծրագրային հայտ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 7 մլրդ 229 մլն դրամ, դրանք ընդգրկում են 12 ոլորտ՝ ճանապարհաշինություն, ոռոգում, ջրագծերի նորոգում, մանկապարտեզների կառուցում, նորոգում, բարեկարգում, փողոցային լուսավորության անցկացում, գազաֆիկացում, մեքենասարքավորումների ձեռքբերում և այլն»,- նշված է գրառման մեջ։
Կարծիքներ