Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի ակտիվ կայունություն ապահովել Սև ծովում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել։
Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Վրաստանի նախագահին քաղաքական կուսակցությունների միջև համաձայնություն ձեռք բերելու կապակցությամբ:
Կողմերը քննարկել են բարեփոխումների կարևորությունը, որոնք անհրաժեշտ են Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ճանապարհին առաջ տանելու համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին: Երկուստեք ընդգծվել է Հյուսիսատլանտյան դաշինքի բաց դռների քաղաքականության կարևորությունը և, այս համատեքստում, գագաթնաժողովում Վրաստանի համապատասխան կերպով ներկայացնելը:
Սալոմե Զուրաբիշվիլին և Յենս Ստոլտենբերգը խոսել են նաև Սև ծովի անվտանգության կարևորության մասին:Նախագահ Զուրաբիշվիլին կարևորել է Սևծովյան տարածաշրջանում կայունության ապահովման գործում ՆԱՏՕ-ի առավել ակտիվ մասնակցությունը:
Կողմերը քննարկել են նաև Աֆղանստանի հարցը և շեշտել առաջիկա ամիսներին զորքերի դուրսբերման գործընթացում համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը առանձնահատուկ կարևորել է Աֆղանստանի խաղաղության և անվտանգության ապահովման գործում Վրաստանի կարևոր դերը, որը դրական դեր կխաղա հետագա ինտեգրման տեսանկյունից:
Կարծիքներ