Հայտնի են Հայաստանի հեծանվային մարզաձևի առաջնության հաղթողները

Հայտնի են Հայաստանի հեծանվային մարզաձևի առաջնության հաղթողները

Եռօրյա պայքարից հետո ավարտվել է Հայաստանի հեծանվային մարզաձևի առաջնությունը: Երևանի հեծանվահրապարակում կայացած մրցաշարին մասնակցել է 59 մարզիկ՝ Երևանից և հանրապետության մարզերից:

Առաջնությանը լավագույնս մասնակցել է Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ՀՍՕՄՄ) սան Դավիթ Մկրտչյանը, որը մեծահասակների պայքարում հաղթել է 5 մրցաձևերում: Երիտասարդների մրցապայքարում 4 մրցաձևում հաղթել է Վահե Վիրաբյանը՝ «Հայաստան» մարզական ՀԿ-ից, մեկ մրցաձևում էլ հարթակի առաջին աստիճանին է կանգնել Խաչիկ Սարյանը (ՀՍՕՄՄ): Պատանիների մրցաշարում լավագույն արդյունքները գրանցել են Արթուր Վալեջյանը, Նարեկ Դավթյանը և Վաչագան Գեոլեցյանը, իսկ աղջիկներից 3 մրցաձևում հաղթել է Սվետլանա Մկրտչյանը (ՀՍՕՄՄ), մեկում՝ Սաթենիկ Ղազարյանը («Հայաստան»):

Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի խոսքով՝ առաջնության արդյունքները գոհացուցիչ են:

«Հեծանվորդների մարզավիճակը գոհացնող է, բայց անելիքներն էլ շատ են: Տևական դադարից հետո հավաքականը նոր թափ է հավաքում: Ինչպես շատ մարզաձևերում, այնպես էլ մեր դեպքում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, մեկ տարի ոչ մի մրցաշարի չէինք մասնակցել: Ֆեդերացիան հետևողական աշխատանքներ է կատարում, որպեսզի մարզումները շարունակվեն՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Մեկ բռունցք դարձած՝ ամեն ինչ անում ենք կորցրածը հետ բերելու և առաջ շարժվելու համար»,- ասել է մարզիչը և հավելել, որ առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները կմասնակցեն առաջիկայում կայանալիք միջազգային մրցաշարերին:

Նշենք, որ երիտասարդական հավաքականից 4 մարզիկ մայիսի վերջին կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային մրցաշարի: Դրան կհաջորդի հուլիսին մեկնարկող Հայաստանի խճուղային հեծանվավազքի առաջնությունը, որում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները կմասնակցեն օգոստոսին և սեպտեմբերին նախատեսված Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում