ԱՄՆ-ում վեցերորդ սերնդի կործանիչ է փորձարկվել
Next Generation Air Dominance ծրագրի շրջանակում Պենտագոնը նախագծել, կառուցել և փորձարկել է աշխարհում առաջին վեցերորդ սերնդի կործանիչի նախատիպը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ՌՕՈՒ գնումների գծով օգնական Ուիլ Ռոպերը՝ Defense News-ին տված հարցազրույցում:
«Մենք արդեն կառուցել և օդ ենք բարձրացրել ցուցադրական թռիչքային մոդելը, և այս գործում մենք գերազանցել ենք բոլոր ռեկորդները: Մենք, ինչպես երբեք, պատրաստ ենք անցնել հաջորդ սերնդի ինքնաթիռների ստեղծմանը»,- ասել է Ռոպերը:
Նրա խոսքով, X-ինքնաթիռի նախագծումը ենթադրում էր թվային ճարտարագիտության և բաց ճարտարապետության լայն կիրառում, ինչպես դա արդեն արվել էր ամերիկա-շվեդական eT-7 Red Hawk ռեակտիվ ուսումնական ինքնաթիռի դեպքում:
Նոր ինքնաթիռի կառավարմամբ օդում կհայտնվի նաև անօդաչու թռչող սարքերի խումբ, նշել է մասնագետը: Դրանք ուղեկցելու են կործանիչին, որը մարտական օղակում կլինի առաջատարը: Պաշտոնյան հրաժարվել է բացահայտել ինքնաթիռի թռիչքային, մարտական բնութագրերը, ինչպես նաև արագությունը և կառուցված նախատիպերի քանակը:
Նշվում է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը հաստատի համապատասխան ծրագիրը, ապա ռազմաօդային ուժերի շարքերն ամեն տարի կհամալրվի վեցերորդ սերնդի 50-80 կործանիչներով:
Կարծիքներ