ԱՀԿ-ում հայտարարել են եվրոպական երկրներում COVID-19-ով վարակման դեպքերի կրճատման մասին
Եվրոպայում COVID-19-ով վարակման եւ մահվան դեպքերի թիվը կրճատվում է: Այս մասին Կոպենհագենում կայացած ճեպազրույցի ժամանակ հինգշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած նրան, որ Եվրոպական տարածաշրջանում ամեն շաբաթ հաղորդվում է ավելի քան մեկ միլիոն վարակման դեպքի մասին` դեպքերի թիվը նվազում է չորրորդ շաբաթն անընդմեջ, երկու շաբաթվա ընթացքում նվազել է նաեւ մահվան դեպքերի թիվը»,- ասել է նա:
Գրեթե 20 երկրի տվյալների համաձայն` հունվարի 18-ից 31-ն ընկած ժամանակահատվածում COVID-19-ի պատճառով հոսպիտալացումների թիվը 100 հազար մարդու հաշվով 13-ից նվազել է մինչեւ 11 դեպք, հավելել է Կլյուգեն: Ընդ որում, նրա խոսքով, մտահոգիչ է կորոնավիրուսի մուտացված տարբերակների տարածումը: Այդպես, հարավաֆրիկյան շտամի հայտնաբերման մասին հաղորդվել է եվրոպական 19 երկրում:
Եվրոպական բյուրոյի ղեկավարը նախազգուշացրել է սահմանափակող միջոցների չափազանց արագ վերացման վտանգի մասին:
Վերջին տվյալների համաձայն` ներկայումս Եվրոպական տարածաշրջանում 37 երկրից 29-ում 7.8 միլիոն մարդ է պատվաստվել` բնակչության 1.5 տոկոսը: Պատվաստանյութերի ներարկված դեղաչափերի քանակը գերազանցել է գրանցված դեպքերի թիվը` 41 միլիոն դեղաչափ` վարակման 36 միլիոն դեպքի դիմաց:
ԱՀԿ-ի տվյալներով` փետրվարի 10-ի դրությամբ Եվրոպական տարածաշրջանի 17 պետությունում եւ տարածքներում 14 օրվա ընթացքում դեպքերի թիվն ավելի քան 400 է կազմել յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով:
Կարծիքներ