«Արարատ-Արմենիա»-ն առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 2023/24 մրցաշրջանի եզրափակիչում մրցեցին «Արարատ-Արմենիա»-ն ու «Ուրարտու»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով: Սակայն խաղակեսի միջնամասում արդեն «Ուրարտու»-ն ակնհայտ առավելություն ստացավ: Թիմին հաջողվեց իրացնել իր մի քանի հնարավորություններից մեկը` 31-րդ րոպեին առաջ անցնելով հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը: Խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ «Արարատ-Արմենիա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ալեքսիս Ագուստին Ռոդրիգեսը:
Երկրորդ կեսում թիմերը մի քանի լավ հնարավորություն ունեին, սակայն դարպասի գրավում չէր արձանագրվում: Ակումբները հստակ էին գործում պաշտպանությունում և հետո միայն շեշտը դնում էին հարձակման վրա: Հիմնական ժամանակում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Ի վերջո Հայաստանի այս տարվա գավաթակիրը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ առավել դիպուկ էին «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները` 5:3:
Կարծիքներ