Մեր անվան շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում. ՀայՓոստը զգուշացնում է քաղաքացիներին
ՀայՓոստը հաղորդագրություն է տարածել՝ հանրությանը հորդորելով ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց, ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.
«Հարգելի քաղաքացիներ,
Վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները, որոնք, օգտագործելով անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ (էլեկտրոնային փոստով զեղծարարություն՝ ֆիշինգ), փորձում են տիրապետել անձնական բանկային տվյալներին և այնտեղ պարունակող ֆինանսական միջոցներին:
Կրկին ահազանգեր ենք ստանում, որ, ի թիվս բարձր հեղինակություն ունեցող այլ ընկերությունների, ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ ևս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Այս անգամ խարդախները ներկայանում են որպես ՀայՓոստ ընկերության օպերատորներ:
Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց, ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ:
ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից»:
Կարծիքներ