2025 թվականի առաջին ամիսներին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 173 կգ թմրամիջոց. ՆԳ նախարար

2025 թվականի առաջին ամիսներին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 173 կգ թմրամիջոց. ՆԳ նախարար

Կառավարության հունիսի 6-ի նիստում հաստատվեց «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը»։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով, որ առաջին անգամ թմրամիջոցների դեմ պայքարը դիտարկվում է հանրային առողջության և անվտանգության հավասարակշռված հայեցակարգով։

Ըստ նախարարի՝ Հայաստանում իրավիճակը մտահոգիչ է եղել, սակայն վերջին տարիներին պետական քաղաքականության փոփոխության արդյունքում որոշակի դրական միտումներ են արձանագրվել։

«Եթե 2018 թվականին գրանցվել էր 877 դեպք, ապա 2023 թվականին՝ արդեն 5070 դեպք։ Բայց 2024 թվականին՝ ռազմավարության վերանայման և հատկապես ներմուծման ու արտադրության շղթաների թիրախավորման արդյունքում, դեպքերի թիվը նվազել է՝ կազմելով 3639»,- նշեց Արփինե Սարգսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ 2024 թվականին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, ինչը մոտ 200 կգ-ով ավելի է, քան 2023 թվականին։ 2025 թվականի առաջին ամիսների ընթացքում արդեն իսկ դուրս է բերվել 173 կգ թմրամիջոց։

Ռազմավարական փաստաթուղթը ներառում է 13 ուղղություն՝ ներառյալ կրթության, առողջապահության, իրավապահ համակարգի կարողությունների հզորացում, ծնողների և ուսուցիչների, ԶԼՄ-ների ու շահառու խմբերի հետ ուղղորդված աշխատանք։ Կարևոր շեշտադրում է դրվում մարդու՝ որպես անհատի հանդեպ վերաբերմունքի վրա։

«Թմրամիջոց օգտագործողին չպիտի վերաբերվենք որպես հերթական վիճակագրական թիվ։ Մենք գործ ունենք մարդ-անհատի հետ, որի հետ պետք է անհատական, հետևողական աշխատանք տարվի՝ բուժումից մինչև սոցիալական ինտեգրում և վերադարձ հանրային կյանք՝ առանց պիտակավորման»,– ընդգծեց նախարարը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում