Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. վարչապետ
Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Կառավարության այսօրվա նիստի սկզբում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով Հանրապետությունում ՀԴՄ կտրոններով եւ հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 մլրդ դրամով:
«Ընդ որում ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռեւս կորոնավիրուսի ազդեցությունները չկային, քանի որ Հայաստանում դեպք չէր արձանագրվել դեռ: Իսկ 2020 թվականի փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019-ի նկատմամբ: Հարկ է արձանագրել, որ էականորեն աճել են նաեւ արտահանման եւ ներմուծման ծավալները՝ փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում: Այստեղից հետեւությունն այն է, որ տնտեսությունը կարծես մտնում է վերականգնման փուլ եւ իհարկե՛, սա շատ կարեւոր նորություն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե հավելյալ տեղեկություններ կա՞ն, արձագանքելով վերջինս ասաց. «Դրամաշրջանառության մասով գրանցված 31.4 մլրդ դրամ աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի՝ սպառման ծավալներն են ավելացել, արտադրության եւ ծառայության ծավալներն են ավելացել: Իսկ արձանագրված 604 հազար ավելի գործարքները հավասարապես վերաբերում են ներկայացված ոլորտներին՝ նույն համամասնությամբ: Այստեղ հետաքրքիրն այն է, որ աճել են ե՛ւ մեծածախ ե՛ւ մանրածախ ոլորտին: 604 հազար գործարքներից 483 հազարը վերաբերում է ՀԴՄ կտրոններին, իսկ ավելի քան 120 հազարը արդեն հաշվարկային փաստաթղթերին»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր մեծագույն խնդիրներից մեկը սպառման ծավալների էական անկումն էր եւ սրանով կարող են հույս ունենալ, որ սպառման ծավալները կվերականգնվեն, ինչը զարգացման կարեւոր նախադրյալ է:
Թեմային արձագանքեց նաեւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ սա լավ նորություն է, բայց պետք է ուշադիր լինել տենդենցի նկատմամբ. «Գիտենք, որ շատ տիպի սպառումներ՝ հարսանիքներ, միջոցառումներ հետաձգված են եղել եւ հիմա այսպես ասած կուտակված պատկերն է մարվում: Պետք է ուշադիր լինենք եւ դեռեւս չթուլացնենք այն աջակցությունը, որը մենք հատկացնում ենք տնտեսությանը՝ մինչեւ համոզված լինենք, որ արդեն ստաբիլ կայուն վիճակում ենք գտնվում»:
Վարչապետը նշեց, որ նույնիսկ կայուն վիճակում չեն դադարեցնում տնտեսությանն աջակցելը եւ միշտ ուշադիր են:
Կարծիքներ