«Ես անմեղ եմ, ուստի վախենալու ոչինչ չունեմ»․ Ժերար Դեպարդյոն հերքել է սեռական ոտնձգության և բռնաբարության մասին մեղադրանքները
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն մեկնաբանել է սեռական ոտնձգության և բռնաբարության մեղադրանքով իր դեմ սկսված պաշտոնական հետաքննությունը, գրում է Daily Mail-ը։
«Ես անմեղ եմ, ուստի վախենալու ոչինչ չունեմ»,- հայտարարել է 72-ամյա արտիստը։
Նա նշել է, որ իր ենթադրյալ զոհը ոչ մի ապացույց չունի։ Դեպարդյոն նաև հրաժարվել է խոսել երիտասարդ դերասանուհու մասին, որը դեռևս 2018-ի օգոստոսին իր դեմ բողոք էր ներկայացրել ոստիկանություն, սակայն ընդգծել է, որ մարտի 10-ին կհայտնվի դատարանում և կապացուցի, որ իր դեմ ոչ մի ապացույց չկա:
«Կապի նոր միջոցների, վեբ կայքերի, սոցիալական ցանցերի պատճառով մենք, կարծես, ապրում ենք ականջակալներում, որտեղից մեզ մշտապես փոխանցում են բացասական և հաճախ կեղծ ու կողմնակալ նորություններ: Ատում եմ այդ ամենը»,- հայտարարել է Դեպարդյոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները սեռական ոտնձգության և բռնաբարության մեղադրանքով պաշտոնական հետաքննություն են սկսել Ժերար Դեպարդյոյի դեմ։
Երիտասարդ դերասանուհին, որի անունը չի հիշատակվում, դեռևս 2018-ի օգոստոսին դերասանի դեմ բողոք էր ներկայացրել ոստիկանություն, սակայն հետաքննությունը դադարեցվել էր 2019-ի հունիսին՝ «ապացույցների բացակայության պատճառով»։
Օրերս AFP գործակալությանը հայտնի է դարձել, որ հետաքննությունը վերսկսվել է։
72-ամյա Դեպարդյոն մեղադրվում է 2018 թվականի օգոստոսին դերասանուհուն բռնաբարելու համար։ Նշվում է՝ դերասանը նրան դասավանդել է թատերական դպրոցում։
Դեռևս 2018-ին Դեպարդյոյի իրավաբանը հայտարարել էր, որ դերասանը ճանաչում է աղջկան, սակայն կտրականապես հերքում է մեղադրանքները։
72-ամյա Դեպարդյոն Ֆրանսիայի ամենահայտնի և միևնույն ժամանակ սկանդալային աստղերից մեկն է։ Նա նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմում և այն սակավ դերասաններից է, որը մեծ հռչակ է վայելում նաև Հոլիվուդում։ «Կանաչ քարտեզ» ֆիլմում խաղացած դերի համար նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։
Կարծիքներ