Հակառակորդը բավական անկանխատեսելի է իր վարքագծով. Արցախի նախագահի խոսնակը՝ հրադադարի խախտման մասին
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը դժվարանում է որևէ բան ակնկալել Ադրբեջանի հետ կրակի դադարեցման պայմանավորվածությունից և հրադադարի վերաբերյալ խորհրդակցություններից, որովհետև անկանխատեսելի է համարում հակառակորդին: Այս մասին Պողոսյանն ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսում:
«Մենք տեսանք, որ ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանն այդ հրադադարը պահելու ոչ մի ցանկություն չունի և արդեն բավական ժամանակ է անցել հրադադարի ուժի մեջ մտնելու ժամից, բայց շարունակվում են Ադրբեջանի կողմից հարձակումները, հրետակոծություններն ու հրթիռակոծությունները: Սակայն այսօր ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ դա դժվար գործընթաց է, միանգամից հնարավոր չէ լուծում տալ: Գործընթաց է, որն ընթանում է այս պահին, երկու կողմերի հետ աշխատանքներ են ընթանում»,- ասաց Պողոսյանը:
Վահրամ Պողոսյանը հավելեց, որ ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը թե’ պաշտոնական Ստեփանակերտը, թե’ պաշտոնական Երևանը միշտ էլ կողմ են արտահայտվել:
«Սակայն մենք ունենք մի հակառակորդ, մի թշնամի, որը բավական անկանխատեսելի է իր վարքագծով, այդ պատճառով այսօր շատ դժվար է որևէ ակնկալիք, սպասում և ընդհանրապես այս առումով որևէ կարծիք արտահայտել»,- նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Կարծիքներ