«Օթելլո»՝ համաշխարհային հեղինակավոր բեմերի արժանի կատարում

«Օթելլո»՝ համաշխարհային հեղինակավոր բեմերի արժանի կատարում

Երեկ շեքսպիրյան կրքերը ցնցեցին Արամ Խաչատրյան համերգասրահը: Վերդիի գլուխգործոց «Օթելլո» օպերան համերգային կատարմամբ հնչեց համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բեմում էին  մենակատարներ Արսեն Սողոմոնյանը (Օթելլո), Լիանա Ալեքսանյանը (Դեզդեմոնա), Վլադիսլավ Սուլիմսկին (Յագո), Բելլա Ամարյանը (Էմիլյա), Տիգրան Հակոբյանը (Կասսիո), Հայկ Թոնգուրյանը (Ռոդրիգո), Հայկ Տիգրանյանը (Լոդովիկո) և Աշոտ Ղանթարջյանը (Մոնտանո): Մասնակցում էր նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):

Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Համերգի ավարտին լեփ-լեցուն դահլիճը պայթեց անվերջանալի հոտընկայս ծափահարություններով: Հանդիսատեսի աչքերին արցունքներ էին, ամենուրեք հնչում էր. ‹‹Սա համաշխարհային հեղինակավոր բեմերում հնչելու արժանի կատարում էր››:

Ստորև կիսվում ենք հեղինակավոր մասնագետների և անվանի արվեստագետների կարծիքներով, ովքեր ներկա էին համերգին.


‹‹Անսահման տպավորիչ էր հայաստանյան «Օթելլո»-ն՝ ֆիլհարմոնիկի ներկայացմամբ։ Ողջ համերգի ընթացքում բացառիկ էներգիա էր հորդում Էդուարդ Թոփչյանից և անցնում մեներգիչներին, այնուհետև ունկնդիրներին: Հիանալի էին մեներգիչները, նվագախումբը, երգչախումբը, բոլորը ցուցադրեցին միջազգային բարձր որակ։ Շատ ափսոս, որ այսպիսի հսկայական աշխատանքը մեկ անգամ է ներկայացվում։

Կարելի էր այն միանշանակ ներկայացնել որպես բեմադրություն։ Երեկ Երևանը երեք ժամով վերածվել էր համաշխարհային երաժշտական կենտրոնի... Շնորհավորում եմ ի սրտե բոլոր մասնակիցներին, նաև մեզ՝ այսպիսի երաժշտական մեծ իրադարձության առիթով››,- Հասմիկ Պապյան, օպերայի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ։

‹‹Հիացած եմ երեկվա ներկայացմամբ: Կրկին անգան ուզում եմ շեշտել այն փաստը, որ միշտ հետևում եմ մեր Ազգային ֆիլհարմոնիկի գործունեությանը և ամեն անգամ հիանում եմ լուրջ վերաբերմունքով, որովհետև մշակույթը դա պատահական բան չէ, դա ժամանց չէ:

Ներկայացման վերջում ես նայում էի կողքերս և տեսնում, թե որքան էին մարդիկ հուզված: Կատարման ինչպիսի միջազգային բարձ որակ էր, բեմում արտիստների հիանալի կազմ էր հավաքվել: Դասական արվեստում մենք առնչվում ենք հանճարեղ անձնավորությունների ստեղծագործությունների հետ, որոնց շուրջ ձևավորվել է մարդկային ամբողջ քաղաքակրթությունը և նման լուրջ մոտեցումը միայն պատիվ է բերում մեզ և հպարտանալու առիթ տալիս:

Պարզապես հիանում եմ իրականացված ահռելի աշխատանքով, իմ շնորհակալությունն եմ հայտնում Էդուարդ Թոփչյանին և ամբողջ անձնակազմին, երգչախմբին, մենակատարներին և հատկապես Արսեն Սողոմոնյանին, Լիանա Ալեքսանյանին և Վլադիսլավ Սուլիմսկուն: Ամեն ինչ հիանալի էր››,- Բարսեղ Թումանյան, օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ:

‹‹Նրանք, ովքեր քիչ առաջ վերադարձան Ա. Խաչատրյան համերգասրահից, կարող են վկայել, որ ներկա են գտնվել երաժշտական-մշակութային խոշոր մի իրադարձության, Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային կատարմամբ ներկայացվեց Ջուզեպպե Վերդիի "ՕԹԵԼԼՈ" օպերան: […] Հիրավի, մասնագիտական և ազգային մեծ հպարտությամբ կարող եմ վկայել, որ տեղի ունեցածը իր կարևորությամբ և արժանիքներով կարող է չափվել միայն միջազգային ամենաբարձր չափանիշերով:

[Երաժիշտները (խմբ.)] այդ բարդ, խորը հոգեբանական գործը հասցրեցին չափանմուշային մակարդակի: […] Միլանում ուղիղ 135 տարի առաջ կայացած այս օպերայի պրեմիերային ներկա գտնված հեղինակի մտքով դժվար թե անցած լիներ, որ հեռավոր Հայաստանում նման դժվարին պարտիտուրի կատարումը պետք է օվացիա առաջացներ լեփ-լեցուն դահլիճում` հայ և բազմաթիվ օտար հանդիսատեսների մոտ: Շնորհավորում եմ հաջողության բոլոր մասնակիցներին ահռելի, հսկայական աշխատանքի, նվիրվածության և գեղարվեստական մեծ ներգործության համար››,-Երվանդ Երկանյան, կոմպոզիտոր, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:

‹‹Էդուարդ Թոփչյանին հաջողվել է լուծել անսամբլային բարդ խնդիրներ, որոնք առաջարկում է Վերդիի «Օթելլո» օպերայի երաժշտությունը։ Մեծ սիմֆոնիկ նվագախումբը, երկու երգչախմբերը և մենակատարների աստղաբույլը հիանալի կերպով համագործակցում էին բեմի վրա։ Ու թեև օպերայի բեմադրությունը համերգային էր, բայց ես անպայման պետք է շեշտեմ ներկայացման դրամատուրգիան, որն իր արտահայտումը գտավ կրքերի հոյակապ կրեսչենդոյում։

Լարվածությունը անընդհատ աճում էր, որպեսզի ի վերջո գտնի իր ողբերգական հանգուցալուծումը օպերայի եզրափակիչ տեսարանում։ Մի խոսքով՝ շատ տպավորված եմ։

Այս ներկայացումն, իհարկե, մեծ ու նշանակալից իրադարձություն է Երեւանի մշակութային կյանքում››,-Մարկ Գրիգորյան, լրագրող, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն:


‹‹Երեկվա համերգի մասին… Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը, երգչախումբը, մանկական երգչախումբ, մեր եւ արտերկրից հրավիրված երգիչներ, Շեքսպիր, «Օթելլո », Վերդի։ Ասել միայն, թե հիանալի էր, հրաշալի, միջազգային որակի կատարումներ` քիչ է ։

Բացի բարձր արվեստի հետ շփումից ծնված վեհ, հուզական, փշաքաղեցնող զգացումներից, հոգիս լցվել էր խոնարհ, լուռ մի ցնծությամբ։  Մերոնք էին… մերոնք էին այդ պրոֆեսիոնալները, արվեստի մեր անխոնջ մշակները…Կոկորդս սեղմող հուզմունքի մեջ կարողանում էի, այնուամենայնիվ, ուշադիր դիտարկել. երաժիշտները` մի քիչ հոգնած, բայց, զգաստ…

ինչ հուզմունքով էին նվագում… ինչպես էին նայում դիրիժորին, ինչպես էր ղեկավարում մաեստրոն` Թոփչյանը նվագողների հետ նվագելով, երգիչների հետ երգելով… ինչ հավատով ու համարյա մանկական նվիրումով էին ոչ միայն երգում, այլ նաեւ խաղում մենակատարները, կերտում կերպարներն այդ փոքր, անսահման փոքր տարածքի վրա…

 Եվ ինչ գնահատական… հոտնկայս երկար, չդադարող օվացիաներ, բռավոների տարափ… եւ նույնչափ հուզված, արտասվող, խոնարհվող արտիստներ բեմի վրա… Մերոնք էին… մեր տունն էր, մեր տանն էինք, մենք էինք… ու ՄԵՆՔ ԵՆՔ…››,- Վարդան Պետրոսյան, դերասան, սցենարիստ, կատակերգու:            
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում