Բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիր. ուսման վարձի փոխհատուցում և վերապատրաստում
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ դեռևս 2011 թվականին «Հանրակրթության մասին» օրենքով սահմանվել է, որ ուսուցչի նվազագույն կրթական աստիճանը պետք է լինի բարձրագույն կրթությունը: Նշված փոփոխության անցումային դրույթներով միաժամանակ ամրագրվել է, որ ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում օրենքի պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը:
«Այնուհետև սահմանված վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը։ Այսպիսով՝ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն ունեցել են շուրջ 12 տարի՝ բարձրագույն կրթություն ունենալու պահանջը իրագործելու համար։ 2023 թվականի սկզբին կատարված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ չնայած բազմաթիվ ուսուցիչներ նախընթաց տարիներին ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել բարձրագույն կրթություն, այդուհանդերձ, համակարգում դեռևս շարունակում էին մնալ ավելի քան 1300 ուսուցիչներ, որոնք բարձրագույն կրթություն չունեին, սակայն դասավանդում էին և օրենքի պահանջի համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 20-ից պետք է դադարեցնեին ուսուցչական աշխատանքը»,-նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականից ներդրվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը, 2023 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում իրականացվել են փոփոխություններ, որով հնարավորություն է տրվել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին մասնակցել կամավոր ատեստավորմանը և ատեստավորված համարվելու շեմը հաղթահարելու դեպքում շարունակել ուսուցչական աշխատանքը։ Սա, ըստ նախարարի, բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների համար հավելյալ հնարավորություն էր, որից շատերն օգտվել են:
«2023 թվականին բարձրագույն կրթություն չունեցող 894 ուսուցիչ մասնակցել է կամավոր ատեստավորմանը, որոնցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվում է ատեստավորված և շարունակում է ուսուցչական գործունեությունը և ստանում վարձատրություն բարձրացված դրույքաչափով ու հավելավճարով՝ համաձայն ատեստավորման իրենց արդյունքների։ Այդուհանդերձ, մի քանի հարյուր ուսուցիչներ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը՝ միաժամանակ պահպանելով ուսուցչի աշխատանքը վերսկսելու համար օրենսդրությամբ սահմանված երկու եղանակներից որևէ մեկից օգտվելու հնարավորությունը, այն է՝ բարձրագույն կրթություն ստանալը կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցելն ու շեմը հաղթահարելով՝ վերսկսել աշխատանքը»,-շեշտել է Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ վերլուծություններն ու այս խմբի ուսուցիչների հետ քննարկումները ցույց են տալիս, որ այս երկու եղանակներից որևէ մեկից օգտվելու համար ուսուցիչները կարիք ունեն աջակցության, և այդ նպատակով մշակվել է ծրագիր՝ հաշվի առնելով նաև ուսուցիչների առաջարկները: Շահառու ուսուցիչը կարող է դիմել և մասնակցել աջակցության երկու ծրագրերի, այն է՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով պետությունից ստանալ ուսման վճարի փոխհատուցում և կամավոր ատեստավորմանը նախապատրաստվելու նպատակով մասնակցել պետության կողմից կազմակերպվող վերապատրաստմանը։
«Աջակցության ծրագիրը երկարամյա փորձ ունեցող, ոլորտին նվիրված, համակարգ վերադառնալ ցանկացող, սակայն օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչների համար ևս մեկ հնարավորություն է՝ սեփական կրթությունը բարելավելու և մասնագիտական զարգացումը խրախուսելու համար: Միաժամանակ, ծրագրի միջոցով հնարավոր կլինի համալրել առկա ուսուցչական թափուր տեղերը: Նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելի քանի 150 ուսուցիչ բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունի, իսկ շուրջ 500 ուսուցիչ՝ վերապատրաստման ծրագրին մասնակցելու: Շահառուների թիվը կվերջնականացվի ծրագրի հաստատումից հետո, երբ կընդունվեն դիմումները»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ աջակցությունը կիրականացվի ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջետային հատկացումների հաշվին:
Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրի հաստատումից հետո եռամսյա ժամկետում ուսուցիչները պետք է դիմում ներկայացնեն՝ նշված երկու ծրագրերից մեկին մասնակցելու նպատակով. «Դիմումները ներկայացվելու են բուհ, որտեղից նախարարությունը ստանալու է տվյալներ, որոնց հիման վրա պետությունը կփոխհատուցի ուսուցիչների առաջին կիսամյակի ուսման վարձը: Երկրորդ կիսամյակից սկսած՝ գործելու է ՄՈԳ-ի նվազագույն շեմ, և մենք ուշադրություն ենք դարձնելու առաջադիմությանը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կառավարության քաղաքականության իրականացման հետևողականությունը՝ դրա արդյունավետության տեսակետից․ «Այս քաղաքականությունը նրա համար չէ, որ ուսուցիչներին դուրս թողնենք համակարգից, այլ, ընդհակառակը, դրա նպատակն առավել ինստիտուցիոնալ ներգրավման ապահովումն է: Հետևաբար, պետք է հնարավոր բոլոր միջոցներով աջակցենք այս ուսուցիչներին, որպեսզի նրանք օգտվեն ստեղծված հնարավորություններից»:
Կարծիքներ