Նախագահի պաշտոնն ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Հարգելի պարոն Խաչատուրյան.
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:
Դուք Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում:
ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ Նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին և կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թևերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և հավասարակշռմանը:
Կրկին ընդունեք խնդրեմ իմ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները, մեծարգո պարոն Նախագահ»,- գրել է ՀՀ վարչապետը:
Կարծիքներ