ԱՀԿ փորձագետները սկսել են համավարակի պատճառների հետաքննությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական խումբը Ուհանում կարանտինից դուրս է եկել, որ սկսի Covid-19 համավարակի պատճառների հետաքննությունը, փոխանցում է AFP-ն:
Կարծիք կա, որ վիրուսը ծագել է չղջիկներից եւ սկզբում տարածվել Ուհանի «խոնավ» շուկայից:
ԱՀԿ-ն պնդում է, որ այցը սերտորեն կապված է լինելու գիտության հետ՝ պարզելու, թե ինչպես է ավելի քան 2 մլն մարդու սպանած վիրուսը կենդանիներից մարդուն անցել:
Լրագրողների առջեւ ելույթ ունենալիս Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտարարել է, որ «անհրաժեշտ է խորքերը հասնել» պարզելու համար, թե ինչպես է վիրուսը հայտնվել եւ տարածվել ամբողջ աշխարհում:
Փսաքին մտահոգություն է հայտնել «Չինաստանում որոշ աղբյուրներից ապատեղեկատվության» կապակցությամբ եւ «հուսալի ու հստակ» հետաքննության կոչ է արել:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը այսօր «Թվիթերում» նշել է, որ Չինաստանի առողջապահության նախարար Մա Սյաովեյի հետ «անկեղծ երկխոսություն» է ունեցել եւ խնդրել, որ փորձագիտական խումբը «ստանա աջակցություն, հասանելիություն եւ անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաեւ իր չինացի գործընկերների հետ լիարժեք փոխգործակցության հնարավորություն»:
Կարծիքներ