ՀՀ գլխավոր դատախազն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ գլխավոր դատախազն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին ՀՀ գլխավոր դատախազությունում և ընդգծել երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում նման հանդիպումների կարևորությունը:

Դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հանդիպումը նախաձեռնելու համար:  Հայաստանում օրենքի գերակայություն ու կայուն զարգացում ապահովելու հարցում դեսպանն առանցքային է որակել Դատախազության դերակատարումը:

Հանդիպման ընթացքում հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեսպան Գալագերին է ներկայացրել Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կիբեռհանցավորության դեմ պայքարին, քրեական վարույթներով միջազգային-իրավական համագործակցությանը, դատախազների շարունակական կրթության ապահովմանը և այլն:

Կողմերը, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները փողերի լվացման և կիբեռհանցավորության դեմ պայքարի համատեքստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում