Հոգեբուժական միջամտություն ստանալու համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը պարտադիր կդառնա

Հոգեբուժական միջամտություն ստանալու համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը պարտադիր կդառնա

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, պարտադիր է դառնում 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երեխայի իրավունքների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 119 կողմ ձայն:

ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս մասնավորապես նշել էր, որ նախագծով ամրագրվել է հոգեկան առողջության  խնդիր ունեցող 16  տարին լրացած երեխայի, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի կողմից իրազեկված համաձայնություն տալու հնարավորությունն այն դեպքում, երբ հոգեկան խանգարման բնույթը թույլ է տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը և գիտակցի իր նկատմամբ կիրառվող բժշկական միջամտության բնույթը և հետևանքները: Իսկ նշված պայմանների բացակայության դեպքում  16  տարին լրացած երեխայի, օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվելու է դատարանի վճռի հիման վրա: 16  տարին չլրացած երեխայի դեպքում իրազեկված համաձայնությունը տրվելու է նրա օրինական ներկայացուցչի կողմից:

Այսպիսով 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է նա, եթե բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում