Շիրակի մարզպետն ընդունել է «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ծանոթ է հիմնադրամի իրականացրած ծրագրերին և կարևորում է կազմակերպության երեխայակենտրոն գործունեությունը․ «Ուրախ եմ ձեզ ողջունելու Շիրակի մարզում, հատկապես, ողջունելի է, որ ձեր կազմակերպության հետաքրքրությունների շրջանակում նաև Շիրակի մարզն է լինելու: Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը հնարավոր արդյունքները կտա, և նախաձեռնությունները կիրականացվեն ի շահ մեր մարզի երեխաների»։
Հիմնադրամի տնօրեն Սպարտակ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ընդունելության համար և նրան է ներկայացրել «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի գործունեությունը՝ անդրադառնալով դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքին ու զարգացմանը վերաբերող նախաձեռնություններին։
Հիմնադրամը գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Նազելի Բաղդասարյանը վստահեցրել է, որ Շիրակի մարզպետարանը կանի հնարավորը կազմակերպության ծրագրերի իրականացմանն աջակցելու ուղղությամբ, քանզի ինքն անձամբ շատ է կարևորում անչափահասների հիմնախնդիրների լուծումն ու նրանց իրավունքների պաշտպանությունը։
Կարծիքներ