2021 թվականին գրանցվել է օձի խայթոցի 111 դեպք.ի՞նչպես խուսափել խայթոցից

2021 թվականին գրանցվել է օձի խայթոցի 111 դեպք.ի՞նչպես խուսափել խայթոցից

Եղանակի տաքացմանը զուգահեռ բարձրանում է նաև մարդկանց՝ անտառային բնակիչների հետ հանդիպելու վտանգը, այդ թվում՝ օձերի:

Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին արձանագրվել է օձի խայթոցի 111 դեպք, որից 10.8%-ը Երևան քաղաքում, իսկ 89.2%-ը՝ մարզերում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի (25 %) և Արարատի (20 %) մարզերում։

Միաժամանակ, դեպքերի 86.5%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 13.5%-ը՝ կանանց շրջանում: Դեպքերի 91%-ը գրանցվել է մեծահասակների, իսկ 9%-ը՝ 0-18 տարեկան բնակչության շրջանում:

Օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ կանոն: Զով օրերին օձերը սիրում են պառկել քարերին և տաքանալ, իսկ շոգ եղանակին թաքնվում են քարերի տակ՝ ստվերում:

Եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանակությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկներ և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ: Վերցրե՛ք երկար փայտ թփերը հրելու համար:

Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, ապա կանգնե՛ք և դանդաղ հե՛տ քաշվեք:

Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին արձակե՛ք վերնաշապիկի կոճակները, օձիքները և գոտիները, կապե՛ք կծած վերջույթը: Ձեռքի վնասվելու դեպքում այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, տուժածին որքան հնարավոր է շատ ջուր տալ, կարելի է ընդունել նաև որևէ հակահիստամինային միջոց, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:

Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը, կամ կտրվածքներ անելը: Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում