Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքից՝ անկախ այլ երկրների ներկայացուցիչների քննադատությունից։
Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի կառավարության ղեկավարը վստահ է, որ օրինագիծը ոչ թե կհեռացնի Վրաստանին ԵՄ-ից, այլ ավելի շուտ կմոտեցնի, քանի որ թափանցիկությունը Եվրամիության հիմնական գերակայությունն է։
«Ինչ վերաբերում է ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարություններին, ապա շատ ցավալի է, որ այս հայտարարություններից ոչ մեկում որևէ փաստարկ չկա։ Նման պայմաններում համապատասխան հայտարարությունները հիմք չեն դառնա մեր որոշումը վերանայելու համար»,- ասել է նա։
Ըստ Կոբախիձեի, սույն օրենքը ծառայում է եվրաինտեգրման խնդրին։
«Եթե մենք չպաշտպանենք պետության ինքնիշխանությունը, մեզ հետ կլինի այն, ինչ եղավ Ուկրաինայի հետ, խաղաղությունն ու եվրաինտեգրումը կմնան անցյալում»,- ասել է վարչապետը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ 83 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նախազգուշացրել էր, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը կարող է ոչ թե մոտեցնել Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը, այլ հակառաը՝ հեռացնել գործընթացից:
Իր հերթին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի վրա, եթե այն երկրի խորհրդարանը ընդունի երեք ընթերցմամբ։
Կարծիքներ