Վանաձորում մեկնարկել են թիվ 7 դպրոցի մոտ գտնվող վերգետնյա անցումի կառուցման աշխատանքները
Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցը 2020 թվականին շահագործման կհանձնվի։ Այն վերակառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՀՏԶ հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Դպրոցը վերակառուցվել է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով:
«Դպրոցի շահագործմանը զուգահեռ օրակարգային ամենակարևոր հարցը մնում է երեխաների ապահով անցումը` դեպի դպրոց, քանի որ կառույցը գտնվում է Մ-6 միջպետական մայրուղու հարևանությամբ` ամենաբանուկ հատվածներից մեկում: Ըստ վիճակագրության` նշված հատվածի վթարների ու վրաերթների թիվը բավականին մեծ է, ցավոք` նաև մահվան ելքով: Երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովելու համար վերնանցում կառուցելու անհրաժեշտություն կար: ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության ներդրած 35 միլիոն դրամով արդեն սկսել է վերգետնյա անցումի շինարարությունը: Կարճ ժամանակ անց 7-րդ դպրոցի շուրջ 300 աշակերտ փողոց կանցնեն առավել անվտանգ»,- հայտնում են հիմնադրամից:
Ըստ Վանաձորի քաղաքապետարանի՝ վերգետնյա անցումը կառուցվում է այնպես, որ հետագայում վերելակի տեղադրման միջոցով հնարավոր լինի հարմարեցնել նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին: Առայժմ վերջիններիս մուտքը դպրոց կազմակերպվելու է դպրոցի հարևանությամբ փողոցից՝ արդեն կառուցված թեքահարթակներով:
Կարծիքներ