Լիբանանի նախագահ Միշել Աունը չի պատրաստվում հրաժարական տալ
Լիբանանի նախագահ Միշել Աունը չի պատրաստվում հրաժարական տալ՝ Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ մասին նա ասել է BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը
«Եթե ես հեռանամ՝ նոր ընտրությունների անհրաժեշտություն կառաջանա, իսկ դա հիմա անհնար է»,-բացատրել է նա իր դիրքորոշումը՝ պատասխանելով Բեյրութի փողոցներում տեղի ունեցող բողոքի գործողությունների վերաբերյալ հարցին։
«Ես կիսում եմ լիբանանցիների ցավը եւ ուշադիր հետեւում եմ այն ամենին, ինչ կատարվում է»,-ասել է Աունը հավելելով, որ ինքն էլ ժողովրդի ծոցից է ելել։
Աունը հայտնել է, որ խնդրել է ՄԱԿ-ին՝ վերահսկել, որ միջազգային դոնորների կողմից հատկացվող օգնությունը հասնի անմիջականորեն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։
Նա նաեւ դրական է համարել Ֆրանսիայի գործողություններն ու նախագահ Էմանուել Մակրոնի այցը Բեյրութ եւ բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք «Հըզբոլլահ» կուսակցությունը պետություն է պետության մեջ։
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որին զոհ է գնացել մոտ 200 մարդ, բողոքի ցույցերի արդյունքում Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել, սակայն մինչեւ նոր կառավարության կազմավորումը շարունակում է իր պարտականությունների կատարումը։
Կարծիքներ