Աջակցության ծրագրեր ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների և ուսուցիչների համար

Աջակցության ծրագրեր ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների և ուսուցիչների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև Կառավարության աջակցության ծրագրերի ընթացքը:

Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Այս թիվը չի փոփոխվել նախորդ թողարկումից հետո: Իսկ հաշվառված անձանց թիվը կազմում է 98 216:

ԼՂ-ից բռնի տեղահանված 6104 երեխա արդեն իսկ հաճախում է դպրոց

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ 6104 երեխա արդեն իսկ հաճախում է դպրոց: Տեղաբաշխվածությունն ըստ մարզերի հետևյալն է՝ Արագածոտնում՝ 306, Արարատում՝ 943, Արմավիրում՝ 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում՝ 1033, Շիրակում՝ 216, Սյունիքում՝ 216, Վայոց ձորում՝ 108, Տավուշում՝ 158, Երևանում՝ 2048: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին աշակերտների թիվը կավելանա, և կապահովվի ՀՀ-ում գտնվող բոլոր դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունը: Ըստ նախարարի՝ երեխաները հընթացս ապահովվում են նաև գրենական պիտույքներով, կարգավորվում է դասագրքերի հարցը: ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դասագրքերը տրամադրվում են անվճար՝ դպրոցների կողմից:

Կրթաթոշակային ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մեկնարկում է նաև ուսանողների աջակցության ծրագիրը: Ուսանողների կրթության ֆինանսավորման հարցի կապակցությամբ մեկնարկել է կրթաթոշակային ծրագիր. կրթաթոշակի չափը որոշվելու է տվյալ ուղղությամբ, տվյալ մասնագիտության ուսման վարձի համեմատ:

«Կարգավորել ենք բոլոր այն դեպքերը, երբ գրանցվում են կրթական ծրագրերի, կրեդիտների տարբերություններ. այս բոլոր դեպքերի պարագայում մեր ուսումնական հաստատությունները տեղյակ են, որ պետք է կցագրեն ուսանողներին, ու սա իրականացվում է՝ նաև առանց լիցենզիոն տեղերի սահմանափակումը հաշվի առնելու: Կրթաթոշակի չափի որոշման համար հիմք ենք վերցրել պետական բուհերում տվյալ մասնագիտությամբ ուսման միջին վարձի չափը: Սա լինելու է կրթաթոշակի առավելագույն չափը, որը պետությունը փոխհատուցելու է: Առաջին կիսամյակից հետո, երբ ուսանողները կցուցաբերեն որոշակի առաջադիմություն, կրթաթոշակի բազային չափը կավելանա բոլոր այն ուսանողների համար, որոնք կունենան բարձր առաջադիմություն: Այս կարգն արդեն շրջանառության մեջ է. կարծում եմ՝ եկող շաբաթ կմեկնարկենք ֆինանսական աջակցության այս սխեման, ու ըստ այդմ՝ մեր ուսանողների կրթության շարունակականությունն ապահովված կլինի նաև ֆինանսական տեսանկյունից»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ` հավաքագրվում են նաև տվյալներ այն ուսանողների վերաբերյալ, որոնք կրթություն են ստանում Հայաստանի բուհերում, և նրանց ֆինանսավորումն իրականացվել է ԼՂ իշխանությունների կամ նրանց ընտանիքների կողմից:

«Ունենք ուսանողների երկու խումբ. ուսանողների մի խումբը ուսանող է եղել ԼՂ հաստատություններում և այս պահին ունի կրթության ընդհատման խնդիր: Ունենք ՀՀ բուհերում սովորող ուսանողներ, որոնց ուսման վճարումներն իրականացվել է ԼՂ կառավարության կողմից կամ իրենց ծնողների կողմից, որոնք այս պահին դժվարությամբ են վճարումներ կատարում: Առաջիկայում նաև այս խմբի ուսանողներին ուղղված աջակցության ծրագիր կլինի»,- եզրափակել է նախարարը:

Կգործարկվի էլեկտրոնային հարթակ՝ ուսուցիչների թափուր հաստիքների վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովման հետ կապված Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանրակրթության համակարգում առկա է 1790 թափուր աշխատատեղ, որից 1450-ն ուսուցչական թափուր տեղեր են: Նա ընդգծել է, որ էլեկտրոնային տարբերակով այս տեղեկատվությունը հասանելի կդառնա:

«ՀՀ դպրոցներում ուսուցչի թափուր տեղի համալրումը տեղի է ունենում մրցույթով: Սակայն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ընդգրկումը համակարգ կիրականացվի գործուղման տրամաբանությամբ, որպեսզի նրանք առանց մրցութային ընթացակարգի գործուղվեն դպրոցներ։ Այս տարբերակին գնացել ենք, որպեսզի գործընթացն ավելի պարզ լինի»,- ներկայացրել է նախարարը:

Նա տեղեկացրել է նաև, որ գործուղման առավելագույն ժամկետը 2 տարի է: Ուսուցիչները հնարավորություն կունենան այս ժամանակահատվածում հարմարվել, տեղավորվել իրենց մասնագիտական աշխատանքը շարունակելու և իրենց պլանների մասին հեռանկարային որոշումներ կայացնելու համար:

Թափուր տեղերի համալրման գործընթացը կլինի արտամրցութային: Համալրումը տեղի կունենա գործուղման տարբերակով, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար: Նախատեսվում է հոկտեմբերի 10-ից հարթակը հասանելի դարձնել, որի միջոցով ուսուցիչները կկարողանան տեսնել թափուր հաստիքները և դիմել աշխատանքի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում