Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել ԱՄՆ-ին չեղարկել Աֆղանստանի դեմ պատժամիջոցները

Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել ԱՄՆ-ին չեղարկել Աֆղանստանի դեմ պատժամիջոցները

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին կոչ է արել չեղարկել Աֆղանստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Կատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի ժամանակավոր  փոխնախագահի պաշտոնում նշանակված Աբդուլ Գանի Բարադարի հետ հանդիպման ժամանակ։

«Չինաստանը մեծ նշանակություն է տալիս հումանիտար դժվարություններին, որոնց այժմ բախվում է Աֆղանստանը, և կոչ է անում ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին չեղարկել պատժամիջոցները», - երեքշաբթի օրը Չինաստանի ԱԳՆ կայքը մեջբերել է Վան Ին: Նախարարը նշել է, որ բոլոր կողմերը պետք է խելամիտ և պրագմատիկ կերպով համագործակցեն Աֆղանստանի թալիբների հետ՝ օգնելու Աֆղանստանին գնալ բարենպաստ զարգացման ճանապարհով:

«Չինաստանը պատրաստ է շարունակել իր հնարավորությունների սահմաններում մարդասիրական օգնություն ցուցաբերել աֆղան ժողովրդին, համագործակցել միջազգային հանրության հետ՝ օգնելու աֆղան ժողովրդին հաղթահարել ժամանակավոր դժվարությունները, հասնել տնտեսական վերականգնման և ինքնազարգացման»,- շարունակել է Չինաստանի արտգործնախարարը։ .

Նրա խոսքով՝ չինական կողմը երբեք չի միջամտել Աֆղանստանի ներքին գործերին, երբեք չի ձգտել անձնական շահի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում