Հայ դոնորն օգնության ձեռք է մեկնել լեյկեմիայով տառապող կանադացի հիվանդին
Ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնորներ փնտրող և հավաքագրող Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստի միջազգային համագործակցության արդյունքում հայ դոնորն օգնել է ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունեցող կանադացի հիվանդին, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
Դոնոր Գ. Ա.-ը, տեղեկանալով, որ Կանադայում գտնվող հիվանդի ապաքինման համար ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք կա, և ինքը համատեղելի է հիվանդի հետ, ոգևորությամբ և պատրաստակամությամբ համաձայնել է օգնության ձեռք մեկնել, ինչի շնորհիվ այսօր հաջողությամբ ավարտվել է դոնորի ցողունային բջիջների հավաքագրման փուլը, և Կանադայում գտնվող հիվանդը ապաքինվելու հնարավորություն է ստացել:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:
Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 32000 դոնոր, ռեեստր դիմած 5517 հիվանդի հետ նախնական համընկնող 5468 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 37-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Նախարարությունից հիշեցնում են, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3 մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք` անկախ ազգային պատկանելությունից:
Կարծիքներ