2024 թվականին գրանցված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են. նախարարը թվեր է հրապարակել

2024 թվականին գրանցված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են. նախարարը թվեր է հրապարակել

Ինստիտուցիոնալ և երկարաժամկետ լուծումներին զուգահեռ կենտրոնացել ենք նաև պրոֆիլակտիկ և ուժեղացված ծառայությունների վրա, մեթոդաբանական որոշ փոփոխություններ ենք փորձարկել առանձին հանցատեսակների մասով:

Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ արդյունքում 2024 թվականին գրանցված հանցագործությունները  նախորդ տարվա համեմատ նվազել են 1,1%-ով կամ 434-ով՝ կազմելով 40․232 դեպք (2023թ․՝ 40.666)։

Այսինքն՝ 2024 թվականին հանցագործությունների թվի նվազում ունենք, ինչը հետևողական աշխատանքի արդյունք է։

«Պիտի նաև նկատենք, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքում գրանցված դեպքերի գերակշիռ մասը՝ 81,4%-ը կազմել են ոչ մեծ  (20․361 դեպք կամ 51,0%) և միջին ծանրության (12․253 դեպք կամ 30,4%-ը) հանցագործությունները։ Հայաստանի Հանրապետության դեպքում այս կառուցվածքն օրինաչափություն ունի, ինչը նշանակում է, որ մեր երկիրը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ։ Դա փաստում են նաև միջազգային հեղինակավոր վերլուծական հարթակների ուսումնասիրությունները։

Տարբեր դրվագներով մենք նաև արձանագրում ենք, որ հանցանքի կատարման ավանդական ձևերը տրանսֆորմացվել են ավելի ժամանակակից ձևերի՝ օգտագործելով համացանցային կամ ՏՏ ոլորտի նվաճումները։ Մեր խնդիրն է հետևողականորեն մի կողմից շարունակել ուժեղացնել ոստիկանության գործիքակազմը, մյուս կողմից բերել հանրության մոտ վարքագծային փոփոխություն, որն իհարկե շատ բարդ աշխատանք է, բայցև հետողականության դեպքում քայլ առ քայլ հնարավոր է արդյունքներ գրանցել»,- նշել է Սարգսյանը:

Նախարարի խոսքով՝ օպերատիվ ամփոփագրերի համաձայն նույն ժամանակահատվածում առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 1․579 միավոր հրազեն, ինչը 152-ով կամ 10,7%-ով ավել է նախորդ տարվա համեմատ (1.427-1․579)։

«Այդուհանդերձ, զենքի գործադրմամբ կատարվող հանցագործությունները շարունակում են մնալ մտահոգիչ   (կրակոցներ, հրազենի, դանակի գործադրում և այլն) և այս մասով Վարչապետի հանձնարարականով արդեն իսկ կոնկրետ լուծումներ ենք մշակել։

Հանցավորության դեմ պայքարում, ընթացիկ մեթոդական լուծումներից բացի, ռազմավարական մակարդակում  նախաձեռնվել է նաև ընդհանուր հանցագործությունների կանխարգելման գործընթաց»,- հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում