Հայաստանում կգործի «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան»

Հայաստանում կգործի «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան»

Հուլիսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովի նիստին: Ասոցիացիայի հիմնական նպատակն է՝ համախմբել լիզինգի ոլորտում գործող կազմակերպություններին և նպաստել Հայաստանում լիզինգի ֆինանսական գործիքի կայացմանը:

Արման Խոջոյանը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ասոցիացիայի հիմնադրման կապակցությամբ և կարևորել դրա դերը տնտեսական զարգացման գործում։ «Մասնագիտացված ասոցիացիաների դերը շատ բարձր է գնահատվում մեր նախարարության կողմից, և ես հուսով եմ՝ «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան» կդառնա այն ուժը, որը խնդիրների բարձրացման, ներուժի ճիշտ գնահատման և առաջարկությունների ներկայացման միջոցով մեզ կփոխանցի ոլորտի մեծամասնության կարծիքը»:

Արման Խոջոյանը խոսել է ՀՀ-ում արդեն գործող գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական օժանդակության ծրագրերից և նշել, որ 2020թ.-ին տրամադրված լիզինգի պորտֆելը 2019թ.-ի համեմատ աճել է երկու անգամ, 2021 թվականի վեց ամսվա տվյալներով ծրագրից օգտվողների թիվը նույնպես աճում է։

«Լիզինգը նոր գործիք է ֆինանսական շուկայում, որը Հայաստանում դեռևս ամբողջությամբ կայացած չէ, հետևաբար՝ չի կիրառվում աշխարհում ընդունված տրամաբանությամբ։ Վստահ եմ՝ լիզինգով զբաղվող կազմակերպությունների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքով կնպաստենք Հայաստանում դրա կայացմանը»,- հավելել է նախարարի տեղակալը։

«Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ է նշանակվել ՀՀ-ում ԵՏՄ լիզինգի ենթախմբի բիզնես-ներկայացուցիչ, «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ համահիմնադիր և գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը, ով հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի բարձրացնել այս կարևոր գործիքի դերն ու նշանակությունը երկրի տնտեսության մեջ և ընդլայնել դրա զարգացման աշխարհագրությունը։

Հեռավար ձևաչափով նիստին մասնակցել են «Լիզինգ-Եվրասիա» միջազգային Ասսամբլեայի հիմնադիր, ԵՏՄ անկախ լիզինգային միության, Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի լիզինգի ենթախմբի նախագահ Եվգենի Ցարևը և Ֆրանսիայի Լիզինգի միջազգային փորձագետ, «Կրեդիտ ագրիկոլ կոնսուլտանտ» ընկերության խորհրդատու Բերնարդ Գուստավ Վենդելը:

Միջոցառմանը հրավիրված էին նաև Հայաստանում գործարարությանն աջակցող կառույցների, բանկային և ֆինանսական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

Ասոցիացիայի հիմնադիր անդամների կազմում են «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի, «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի, «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ-ի, «ՀՀ վարկային կազմակերպությունների միություն» ասոցիացիայի, «ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ի, «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, անդամների կազմում` «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ-ի երկու պաշտոնյա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում