Քաղաքը կարդում է. հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը կանցկացվի Գրքի երևանյան չորրորդ փառատոնը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է. այն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում: Փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։ «Արձակ» անվանակարգում ներկայացվել է 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ: Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի 1-ին: Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն են՝ կառուցվածքը, լեզուն և ոճը, գեղարվեստական տեքստի օրիգինալությունը։
Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում են՝ գրաքննադատ, գրող, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյան, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյան, գրականագետ Ալվարդ Սեմիրջյան, գրականագետ Հասմիկ Խեչիկյան, գրականագետ Քրիստինե Հովհաննիսյան:
Գրքի երևանյան 4-րդ փառատոնի նպատակն է հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը:
Փառատոնի ընթացքում նախատեսվում են ցուցահանդես-վաճառք, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ։
Կարծիքներ