Մասիսում 4-ամյա երեխայի մահվան ելքով ողբերգական ավտովթարի մեջ կասկածվող վարորդը կալանավորվել է

Մասիսում 4-ամյա երեխայի մահվան ելքով ողբերգական ավտովթարի մեջ կասկածվող վարորդը կալանավորվել է

Հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գարեգին Թադևոսյանի նկատմամբ։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Միջնորդությունը բավարարվել է, Թադևոսյանը վերցվել է կալանքի ու դատարանից տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան բանտ։ Վերջինս կասկածվում է հուլիսի 3-ին ոչ սթափ վիճակում ողբերգական ավտովթարի մեջ, ինչի հետևանքով 4-ամյա տղան մահացել էր, իսկ ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, հուլիսի 3-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում գործող գազալցակայանի դիմաց բախվել էին Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Գարեգին Թադևոսյանի վարած Ford Fusion մակնիշի և 33-ամյա Սամվել Գրիգորյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր 4-ամյա Ալեքս Գ․-ն տեղում մահացել էր: Իսկ ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 53-ամյա Հերիքնազ Գրիգորյանն ու 19-ամյա Լուսինե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում