ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից տուժած քաղաքացիներից մեկը հիվանդանոցում մահացել է

ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից տուժած քաղաքացիներից մեկը հիվանդանոցում մահացել է

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։

«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր:

Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել:

Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ»,- գրել է Ավանեսյանը։

ԵՊՀ մամուլի քարտուղար Քնար Միսակյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Հարգելի՛ գործընկերներ, ցավով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 17-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած մեր աշխատակցի՝ Ահարոն Հակոբյանի կյանքը փրկել չի հաջողվել։

Նրա վիճակն այսօր կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է), բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ։ Մեր ցավակցություններն ենք հայտնում Ահարոն Հակոբյանի ընտանիքին ու հարազատներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում