Հայաստանը զբոսաշրջային գրավիչ երկիր. 2023թ. հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ
Հայաստանը գրեթե միշտ եղել է որպես հետաքրքիր ու առանձնահատուկ զբոսաշրջային ուղղություն՝ այցելուներին առաջարկելով երկրի հյուրընկալությունը, խորը արմատներ ունեցող պատմությունը, համեղ խոհանոցը, հիասքանչ տեսարաններն ու պատմամշակութային կոթողները, արկածային և գաստրո տուրերը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից, 2023 թվականի հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: 2022 թվականի հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 189 հազար զբոսաշրջիկ, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում՝ 202 հազար:
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում կազմել է 1․26 մլն, որը 29%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից:
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի լրատվության և հասարակության հետ կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը նշեց, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվերով առաջատար երկրներն են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը:
Նա ընդգծեց, որ Զբոսաշրջության կոմիտեն իրականացնում է հնարավոր ամեն բան՝ Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները բացահայտելու ուղղությամբ:
«Մենք շատ ակտիվ մասնակցում ենք միջազգային զբոսաշրջային միջոցառումներին, էքսպոներին, որտեղ ներկայացնում ենք Հայաստանը որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն՝ Հայաստանի զբոսաշրջային պրոդուկտը, ներուժը: Ինչպես նաև փոխանցում ենք հայաստանյան տուրիստական ընկերությունների տվյալները տեղի տուրիստական ընկերություններին, որպեսզի կարողանան հետագայում զարգացնել երկկողմանի համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում»,- ասաց նա:
Աննա Մարգարյանը նշեց, որ նաև իրականացնում են դեպի Հայաստան ճանաչողական այցեր, այսինքն՝ հրավիրում են իրենց երկրներում մեծ լսարան ունեցող բլոգերների, ինֆլյուենսերների, մեդիա ոլորտի ներկայացուցիչների, որոնք լուսաբանում են իրենց այցերը, ինչն իր հերթին նոր զբոսաշրջիկներ է բերում Հայաստան տվյալ երկրներից:
Զբոսաշրջության կոմիտեն այս տարի աջակցում է նաև Հայաստանի ամբողջ տարածքում տարբեր ֆորմատի և նախասիրությունների շուրջ 17 փառատոնների իրականացմանը, որն ըստ կոմիտեի լրատվության և հասարակության հետ կապերի պատասխանատուի, ապահովել է ու դեռ կապահովի զբոսաշրջային մեծ հոսք դեպի Հայաստան:
Կարծիքներ