Երևանյան տնտեսվարողների մոտ հայտնաբերվել է ժամկետանց բազմաթիվ, պիտանիությունը կորցրած և բորբոսապատ մթերք
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների հետևողականության արդյունքում երեք տնտեսվարողների մոտ խախտումներ են արձանագրվել սննդի անվտանգության ոլորտում։
Այս մասին տեղեկացնում է վարչության ֆեյսբուքյան էջը։
Հայտնաբերվել է ժամկետանց բազմաթիվ, պիտանիությունը կորցրած և բորբոսապատ մթերք։ Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց շրջանակում իրավախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ «անվտանգ սննդամթերքը» պետք է պահպանի մակնշման մեջ ներկայացված իր սպառողական հատկությունները, իսկ ժամկետի լրանալուն պես սննդամթերքը համարվում է վտանգավոր և պիտանի չէ՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման համար:
Վտանգավոր սննդամթերքն իր հերթին ենթակա է հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար, սակայն որոշ տնտեսվարողներ, անտեսելով օրենքը, շարունակում են վաճառել առանց պիտանիության ժամկետի մակնշման կամ պիտանիության ժամկետը լրացած ապրանքներ։
Կարծիքներ