ՄԱԿ-ը ներկայացրել է 2020-2021 թթ. ԼՂ հակամարտությանը Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությունը
ՄԱԿ-ը ներկայացրել է 2020 թ. հոկտեմբերից մինչև 2021 թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությունը
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, ավելի քան 40,4 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրվել և հատկացվել Միջգործակալական արձագանքման ծրագրի միջոցառումների իրականացմանը, որոնք համակողմանիորեն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) և դրա շրջակայքից հակամարտության սրման հետևանքով Հայաստան ժամանած 90,000 մարդու կարիքների բավարարմանը:
Որպես միջգերատեսչական արձագանքման համակարգողներ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը և ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, Հայաստանում ՄԱԿ-ի թիմի, գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ միասին ներկայացրել են 2021 թվականի Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի կատարման վերջնական հաշվետվությունը:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ևեթ ՄԱԿ-ը և գործընկերները նախաձեռնել են Միջգործակալական արձագանքման ծրագիրը, որպեսզի լրացնեն ՀՀ կառավարության ջանքերը Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից Հայաստանում ապաստանած 90,000 մարդու (որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են) մարդասիրական օգնություն, ներառյալ կացարան, բժշկական ծառայություններ, պարենամթերք, դրամական միջոցներ և պաշտպանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։
Միջգործակալական արձագանքման ծրագրի գործընկերները համակարգել են ջանքերը հինգ մարդասիրական թեմատիկ աշխատանքային խմբերի շրջանակներում և սերտ համագործակցել պետական և տեղական իշխանությունների, ներառյալ մարզպետարանների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ:
Պաշտոնական մեկնարկի ժամանակ վերջնական հաշվետվության մեջ արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացվել են ինչպես Կառավարությանն, այնպես էլ գործընկերներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային և ազգային ՀԿ-ներին, միջկառավարական կազմակերպություններին, պետական կառույցներին և միջազգային կազմակերպություններին:
Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը բարձր է գնահատել միջգործակալական արձագանքման ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և բոլոր գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը և կատարված աշխատանքը:
«Մարդասիրական և զարգացման գործընկերները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ միասին կարևոր փոփոխություն են բերել տեղահանվածների կյանքում. մասնավորապես 71,218 անձ օգտվել է տարրական օգնությունից, 45,745 անձ՝ սեզոնային ապրանքներից, 26,730 անձ/6,051 տնային տնտեսություն ներգրավվել է պաշտպանական մշտադիտարկման միջոցով, 8,383 երեխա և դեռահաս ներգրավվել է տարբեր միջոցառումների շրջանակներում՝ հնարավորություն ստանալով լավ ուսումնական միջավայր ունենալու և այլն: Ծրագիրը և դրա իրականացման համակարգումը կարևոր դեր ունեցան հրատապ աջակցության հավաքագրման համար՝ ընդլայնելով մարդասիրական գործունեության մեջ դոնորների մասնակցությունը», - նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։
Աննա-Կարին Օստն իր եզրափակիչ խոսքում նշել է, որ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը շնորհակալություն է հայտնում դոնոր երկրներին՝ ստանձնած հանձնառության և Հայաստանում խոցելի ընտանիքներին տրամադրված աջակցության համար:
«Պետության և հասարակական կազմակերպությունների միջև արդյունավետ համակարգման ու համագործակցության արդյունքում՝ Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունները առաջնահերթ և խիստ կարևոր աջակցության ծրագիր իրականացրեցին տեղահանված ընտանիքների համար՝ շնորհիվ 2021 թվականին բազմաթիվ դոնորների օժանդակության։ Այն բարելավեց պաշտպանության միջավայրը և թեթևացրեց համայնքների բեռը, որ գրկաբաց ընդունել և հոգ են տարել տեղահանված ընտանիքների մասին, մասնավորապես՝ խոցելի կանանց, երեխաների և տարեցների»,- ասել է նա:
Դոնորները և իրականացնող գործընկերները կիսվել են կարծիքներով և գոհունակությամբ արտահայտվել ճգնաժամին նպատակաուղղված արձագանքելու վերաբերյալ։
Կարծիքներ