Գևորգ Թամամյանը ազատման դիմում է ներկայացրել
Ուզում են տեղեկացնել, որ քիչ առաջ ներկայացրել եմ ազատման դիմում Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնից և Արյունաբանական կենտրոնում որպես մանկական ուռուցքաբան-արյունաբան հետագա աշխատանքից:
Որոշմանս պատճառ է հանդիսացել այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է սույն թվականի հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը որպես պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն:
Հպարտ եմ և երջանիկ, որ ինձ կարող եմ համարել բժիշկ Դանիելյանի աշակերտը, ում օրինակով տարիներ առաջ ընտրեցի մանկական ուռուցքաբան-արյունաբանի մասնագիտությունը: Երբ 2018թ-ին բժիշկ Դանիելյանը հետ վերադարձավ Հայաստան և նշանակվեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն, համարել և համարում եմ այդ նշանակումը հեղափոխության լավագույն ձեռքբերումներից մեկը, ինչը նաև թույլ տվեց համախմբել և միավորել ամբողջ ոլորտը: Վերջին երկու տարիների ընթացքում ահռելի աշխատանք կատարվեց արյունաբանության և մանկական ուռուցքաբանության բնագավառում և համոզված կարող եմ ասել, որ այդ զարգացումն այլևս անշրջելի է:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին և մաս կազմեցին այս զարգացմանը, իսկ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ թիմին կխնդրեմ նույն կերպ շարունակեն այն բոլոր զարգացման ծրագրերը, որոնք նպաստելու են ևս մեկ երեխայի առողջացման:
Հարգանքով՝
Գևորգ Թամամյան
Կարծիքներ