Անոմալ տաք է. Երևանում ինչով է պայմանավորված մառախուղի առկայությունը, որքան կտևի, ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկայում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասում է, որ այս պահին ՀՀ-ում դեռ ձմեռային ջերմային ֆոն չկա:
Նրա խոսքով՝ այն ջերմային ֆոնը, որ հիմա առկա է հանրապետության տարածքում և մայրաքաղաք Երևանում, բնորոշ է նոյեմբերի երկրորդ տասնօրյակի ջերմային ֆոնին: «Ինչ ձմռան մասին է խոսքը, երբ լեռնային շրջաններում, ինչպիսին են Շիրակի և Գեղարքունիքի մարզերը, ձնածածկույթ չկա: Էլ չեմ խոսում Արարատյան դաշտի մասին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է նա:
Սուրենյանի հավաստմամբ՝ հիմա ոչ թե ցուրտ է, այլ անոմալ տաք. «Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կլիմայական նորմայից բարձր է 5-8 աստիճանով: Երբ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում Երևանում գիշերը ընդամենը -1 աստիճան է, դա կոչվում է տաք օդի անոմալյա»:
Առհասարակ վերջին հինգ տարիներին նկատվում է ձմռան տաքացումներ, ասում է նա. «Վերջին ցուրտ ձմեռը եղել է 2017 թվականին, որից հետո մենք, կարելի է ասել, նորմալ ձմեռ չենք ունեցել»:
Իսկ թե ի՞նչ հետևանքներ կարող ենք ունենալ ձմռանը ջերմային ֆոնի տաքացումների պատճառով, վերջինս նշում է՝ առաջինը դրանից խոցվում են մեր ջրային ռեսուրսները, քանի որ լեռնային շրջաններում բավարար ձյուն չի կուտակվում, և գետերի գարնանային վարարումների ժամանակ վարարումները սակավ են լինում. «Երկրորդը, խոցելի է դառնում գյուղատնտեսությունը: Երբ աշնանացանի ժամանակ բավարար քանակությամբ կամ ընդհանրապես ձնածածկ չէ, և բաց երկնքի տակ առկա է լինում ցածր ջերմաստիճան, վնասվում է աշնանացանը, սակայն նման վտանգ չունենք: Լեռնային շրջաններում գիշերային ժամերի -10 աստիճանից ցածր ցուցանիշ չունենք, իսկ աշնանացանը սկսում է վնասվել - 15 և ավելի աստիճանի դեպքում: Առաջիկայում նման ցուցանիշ չունենք»:
Երևանում և ՀՀ ամբողջ տարածքում առաջիկա հինգ օրերին ձյան տեղումներ չեն սպասվում, փաստում է Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ Երևանում մառախուղը պահպանվելու է: «Մինչև ամսի 25-ը որոշակի թուլացման և ակտիվացման փուլերով մառախուղը պահպանվելու է: Ինտենսիվ կլինի գիշերը և առավոտյան, ավելի թույլ կլինի ցերեկը և երեկոյան»,- մանրամասնում է նա:
Վերջինիս խոսքով՝ դեկտեմբերին հանրապետության տարածքում մառախուղի առկայությունը մեր կլիմայական առանձնահատկությունն է:
«Դա պայմանավորված է Արարատյան դաշտի գոգավոր ռելիեֆով և դրա մեջ սառը օդի լճացմամբ: Սառը օդային զանգվածները լեռնալանջերից իջնում և լճանում են, որին հաջորդում է հատկապես Միջերկրական ծովի ավազանից տաք օդային հոսանքների ներհոսքը: Այդ սառը և տաք օդի շփման գծի վրա առաջանում է մառախուղի գոտին: Այս պատկերն ունենում ենք գրեթե բոլոր դեկտեմբերներին»,- մանրամասնում է նա:
Հերմինե Կարապետյան
Կարծիքներ