Թե 10%-ից ավել սխալ գտնեք` ներողություն կխնդրենք և այլևս ցույցերի քանակ չենք հաշվի. Իոաննիսյանը՝ երեկվա ցույցի թվի մասին
Ընդդիմության երեկվա ամփոփիչ ցույցի պիկին եղել է 5600 մարդ։ Անհատական հաշվարկով է արվել, ցանկացողները կարող են «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքում մտնեն, բեռնեն հաշված ֆայլերը և ստուգեն։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.
«Ստուգելը շատ հեշտ է և դրա ինստրուկցիան ևս կա կայքում։ Մտեք, ստուգեք, որ ճիշտ ենք հաշվել և եթե 10 տոկոսից ավել սխալ գտնեք` մենք հրապարակով ներողություն կխնդրենք և այլևս երբեք ցույցերի քանակ չենք հաշվի։
Ու պետք չի հարմար ռակուրսներից արած նկարները դեմ տալով ինչ-որ բաներ պնդել։ Մարդկանց նույն քանակը տարբեր անկյուններից կարող է և եղածից ավել թվալ և պակաս թվալ։
Մեր հաշվարկը տպավորությամբ կամ աչքաչափով չի, մեկ առ մեկ հաշված է, բոլոր մարդկանց վրա հերթական համար է դրված ու այդ ամենը կա կայքում: Եթե սխալ հաշվեինք` մեզ վաղուց կբռնեին դրա վրա»։
Հիշեցնենք, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն աերոնկարահանման միջոցով իրականացրել էր երեկվա հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել էր, որ 19:15-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5600 մարդ:
Կարծիքներ