Սահմանագծման և սահմանազատման գործընթացների հետ կապված ՀՀ ԱԳՆ-ն տրամարդել է կարևոր նշանակության պաշտոնական դիրքորոշում. ՀՀ ՄԻՊ

Սահմանագծման և սահմանազատման գործընթացների հետ կապված ՀՀ ԱԳՆ-ն տրամարդել է կարևոր նշանակության պաշտոնական դիրքորոշում. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներով պաշտոնական հարցում էի ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն` կապված սահմանագծման և սահմանազատման գործընթացների հետ` հաշվի առնելով ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների վրա այդ գործընթացների ուղիղ ազդեցությունը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: 
 

«ՀՀ ԱԳՆ-ն տրամարդել է կարևոր նշանակության պաշտոնական դիրքորոշում: Ստորև այն հրապարակում եմ ամբողջությամբ.


«Պետական սահմանների սահմանագծումը (դելիմիտացիան) և սահմանազատումը (դեմարկացիան) հաջորդաբար իրականացվող երկկողմ միջազգային գործընթացներ են, որոնք պահանջում են համատեղ հանձնաժողովի առկայություն և դրա շրջանակներում մասնագիտական քննարկումների և բանակցությունների անցկացում։ Վերոնշյալ գործընթացների առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում` դիվանագիտական հարաբերությունների առկայությունը:
 

Միջազգային պրակտիկայում՝ սահմանակից երկրների միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացներն իրականացնելու նպատակով ձևավորվում է համապատասխան երկկողմ միջկառավարական հանձնաժողով (երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների գլխավորությամբ)՝ բաղկացած պետական շահագրգիռ մարմինների (արտաքին քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներից) ներկայացուցիչներից և փորձագետներից (մասնավորապես՝ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտից)։
 

Նման հանձնաժողովների աշխատանքների առաջին փուլը, որպես կանոն, ավարտվում է առանձին երկկողմ համաձայնությամբ՝ սահմանագծման իրավական հիմքերի շուրջ, հետագայում՝ սահմանագծման ավարտից հետո, նաև սահմանազատման գործընթացի համատեղ իրականացման շուրջ։
Հանձնաժողովի կողմից երկկողմ գործընթացի բարեհաջող ավարտից հետո կնքվում է երկու պետությունների միջև սահմանի մասին համաձայնագիր, որով արձանագրվում է սահմանային հարցերում բոլոր խնդիրների լուծված լինելու հանգամանքը։

Նախքան վերոնշյալ գործընթացների մեկնարկը և դրանց բարեհաջող ավարտը՝ պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է՝ կողմերի փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերում, որն անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև:
 

Ուստի, ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:
 

Ինչպես նշված, այնպես էլ տարբեր այլ հարցերով ՀՀ ԱԳՆ-ի հետ, հատկապես միջազգային կառույցներում մեր երկրի մշտական ներկայացուցիչների, մի շարք պետություններում մեր դեսպանների հետ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի հաստատված արդյունավետ համագործակցություն ու վստահելի գործընկերային աշխատանք»,- գրել է Թաթոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում