Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք սպասում էինք․ Փաշինյան

Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք սպասում էինք․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում և մարզերում քաղաքացիների հետ շփումների ընթացքում արձանագրել է, որ նրանք խաղաղությունն ավելի շատ են զգում, քան Կառավարությունն ակնկալում էր:

Այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ընթացքում:

«Խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն և հոգեպես, որովհետև հանդարտություն կա երկրում: Այն նյարդը, այն լարվածությունը, լիցքը, որ միշտ զգացել էինք, դրանց փոխարեն ներկա ժամանակներում մենք հանդարտություն ենք զգում, և ես կարծում եմ, որ քաղաքացիները նաև ինտուիտիվ հասկանում են, որ առողջապահության ապահովագրության համակարգը, կենսաթոշակների ավելացումը և այլն, ոչ ուղղակի, բայց անուղղակիորեն կապված են նաև խաղաղության հետ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ եթե խաղաղության նկատմամբ չկա վստահություն, և Կառավարությունը սպասում է էսկալացիոն նոր զարգացումների, միանգամից այդքան շատ միջոցներ չի հատկացնի սոցիալական ուղղություններին:  

«Խաղաղությունն է տվել հնարավորություն տնտեսական աճի: Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք, նույնիսկ, սպասում էինք»,- նշել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում