Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն Սիմոնյանը՝ հավանական սցենարների մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիր ճամբարից հնչող հայտարարություններին և հետընտրական հավանական սցենարներին:
«Դե հիմնական թեզն այն է, որ մանդատները մի՛ վերցրեք։ Ես ձեզ խնդրում եմ՝ մի՛ նեղեք այդ մարդկանց, իրենք չեն կարող դա անել, մի՛ պահանջեք մի բան, որն իրենք չեն կարող անել»,- ասել է ԱԺ նախագահը և հավելել, որ դա տեխնիկապես անհնար է:
Ըստ Սիմոնյանի՝ չեն կարողանալու 100-200-հոգանոց ցուցակների բոլոր անդամներին համոզել, որ հրաժարվեն «դեպուտատ» դառնալուց։
«Այդքան փող են ծախսել մարդիկ, այդքան սխեմաներ են աշխատեցրել, այդքան մարդիկ բանտում են հայտնվել, դեռ հայտնվելու են, ո՞նց իրենք մանդատ չվերցնեն։ Էլ չեմ ասում, որ մանդատ չվերցնելը, եթե դա ինչ-որ ձևով ստացվի, որևիցե բան չի փոխելու. այլ պատգամավորներ են հայտնվելու, այլ կուսակցություններ կհայտնվեն, և դա իրականության մեջ բան չի փոխի»,- նշել է նա։
Սիմոնյանը խոսել է նաև կուսակցությունների մասին առանձին:
«Օրինակ՝ «Հայաստան» դաշինքը, այսինքն՝ ի՞նչ երեսով է... անունն ի՞նչ է դնելու, որ 8-րդ գումարման Ազգային ժողովում իրենք չեն մասնակցել աշխատանքներին, չեն վերցրել հանձնաժողովների ղեկավարների պաշտոնը, հիմա վերցնելո՞ւ են։ Ի՞նչ տարբերություն։ Այ, այսպիսի իրավիճակի մեջ են հայտնվել»,- շեշտել է նա։
Խոսելով «Ուժեղ Հայաստան»-ի մասին՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ նախ՝ ազգը սպասում է Սամվել Կարապետյանի ասուլիսին, հետո՝ որոշումներին:
«Ի՞նչ եղավ, գիշերը խոսք էր տրվում, որ առավոտյան հայտարարությամբ հանդես կգան։ Ի՞նչ է, սպասումները չարդարացա՞ն։ Մեկ միլիոն մարդու փող էր բաժանվել, բայց իրականում այդ բաժանված փողի դիմաց ընդամենը դրա մեկ երրորդի չափով ձայներ եկա՞ն»,- հարցադրում է արել Ալեն Սիմոնյանը և հավելել. «Բարի գալուստ իրական Հայաստան»։


Կարծիքներ