Քաղաքացիները կարող են միջազգային փոստային փոխադրումներով դեղ ներկրել առանց թույլատրող փաստաթղթի. ՊԵԿ
Քաղաքացիներն այսօրվանից կարող են դեղեր ներմուծել փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության կողմից օգոստոսի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1302-Ն որոշումը, ըստ որի` ֆիզիկական անձինք կարող են փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծել մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախքան որոշման ընդունումը դեղերի ներմուծումը փոստային առաքանիներով առհասարակ արգելված էր: Ֆիզիկական անձինք կարող էին դեղ ներմուծել միայն օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից ժամանելիս` մինչև 10 անվանում դեղ, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով:
Միաժամանակ ՊԵԿ-ը զգուշացնում է, որ փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ՀՀ տեղափոխվող դեղերի նկատմամբ հսկողություն իրականացնելու և հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով մաքսային մարմիններն իրականացնելու են ֆիզիկական անձի և դեղերի վերաբերյալ տվյալների հաշվառում։
Անհրաժեշտ է իմանալ, որ ֆիզիկական անձանց կողմից կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները գերազանցելու պարագայում դեղերը կարող են տեղափոխվել միայն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած համապատասխան թույլտվության առկայության դեպքում՝ նույն որոշմամբ հաստատված կարգի 49-52-րդ կետերով սահմանված ընթացակարգով՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված հավաստագրի հիման վրա:
ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է նոր հնարավորությունից օգտվելիս զերծ մնալ չարաշահումներից, մասնավորապես` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերպարունակող դեղեր տեղափոխելուց։ Հնարավորության դեպքում նախքան ներկրումը համոզվել, որ դեղերը չեն պարունակում վերոնշյալ նյութերը։
Կարծիքներ