ՔՈՎԻԴ-19-ը սպառնալիք՝ մանկական մահերի կանխարգելման դժվարին ձեռքբերմանը. ՅՈՒՆԻՍԵՖ
Մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում 2019թ.-ին գրանցվել է մահացությունների ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 5.2 միլիոն: Կորոնավիրուսային համավարակի պատճառով մանկական և մայրական առողջապահական ծառայությունների խափանումները վտանգի տակ են դնում միլիոնավոր կանանց և երեխաների կյանքը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ից նշում են, որ աշխարհում նվազել են մինչև հինգ տարեկան երեխաների մահացության դեպքերը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչության բնակչության բաժնի և Համաշխարհային բանկի խմբի հրապարակած՝ մահացության նոր գնահատականների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ 2019 թ-ին գրանցվել է երբևիցե ամենացածր ցուցանիշը՝ 5,2 միլիոն դեպք, մինչդեռ 1990թ. այս ցուցանիշը 12,5 միլիոն էր։
Անգամ կորոնավիրուսային համավարակից առաջ նորածինները մահվան առավելագույն ռիսկի էին ենթարկվում: 2019 թ. յուրաքանչյուր 13 վայրկյանը մեկ նորածին էր մահանում: Ավելին, մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում բոլոր մահվան դեպքերի 47 տոկոսը տեղի է ունեցել նորածնային շրջանում, ինչը 40 տոկոսով բարձր է 1990 թ.-ի նույն ցուցանիշից: Առողջապահական առաջնային ծառայությունների խափանումների հետևանքով նորածին երեխաները կարող են մահանալու շատ ավելի մեծ ռիսկի ենթարկվել: Օրինակ՝ Կամերունում, որտեղ 2019 թ.-ին մահանում էր յուրաքանչյուր 38 նորածնից 1-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունը փաստում է, որ նորածնային խնամքը, նախածննդյան ստուգումները, ծննդօգնության և հետծննդյան խնամքի ծառայությունները խափանվել են 75 տոկոսով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի հետազոտությունները փաստում են, սակայն, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքվ առողջապահական ծառայությունների գործունեության մեծածավալ խափանումները կարող են վտանգել տասնամյակների ընթացքում ձեռք բերված դժվարին առաջընթացը։
«Համաշխարհային հանրությունը մեծ արդյունքների է հասել երեխաների շրջանում կանխարգելվող մահերի վերացման ուղղությամբ, և մենք չենք կարող թույլ տալ, որ կորոնավիրուսային համավարակը կանգնեցնի մեզ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Երբ երեխաներին թույլ չի տրվում առողջապահական հաստատություններ մուտք գործել, որովհետև համակարգը գերծանրաբեռնված է, կամ երբ կանայք չեն ուզում հիվանդանոցում ծննդաբերել` վախենալով վարակվելուց, նրանք նույնպես կարող են դառնալ կորոնավիրուսի համավարակի զոհեր: Եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն և խափանված առողջապահական համակարգերի և ծառայությունների վերսկսման համար անհապաղ ներդրումներ չլինեն, հինգ տարեկանից փոքր միլիոնավոր երեխաներ, հատկապես նորածիններ, կարող են մահանալ»:
Երեխաների մահվան կամ մահաբեր հիվանդությունների պատճառները (վաղաժամ ծնունդ, ցածր քաշ, ծննդաբերական բարդություններ, նորածինների սեպսիս, թոքաբորբ, փորլուծություն, մալարիա) կանխելու և վերացնելու համար, առողջապահական ծառայությունները վերջին 30 տարիների ընթացքում հսկայական աշխատանք են իրականացրել: Միլիոնավոր կյանքերի փրկության գործում մեծ դեր են ունեցել պատվաստումները:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամռանը հետազոտություն է իրականացրել 77 երկրում, որոնց գրեթե 68 տոկոսը հայտնել է երեխաների պլանային ստուգումների և իմունիզացիայի ծառայությունների որոշ խափանումների մասին: Բացի այդ, երկրների 63 տոկոսը հայտնել է նախածննդյան ստուգումների խափանումների և հետծննդյան խնամքի՝ 59 տոկոս ընդհատումների մասին:
ԱՀԿ-ի տվյալները վկայում են, որ այն կանայք, որոնց հղիությունը վարում են միջազգային չափանիշներին համապատասխան վերապատրաստում անցած պրոֆեսիոնալ մանկաբարձները, 16 տոկոսով ավելի քիչ հավանական է, որ կորցնեն երեխային և 24 տոկոսով ավելի քիչ հավանական, որ վաղաժամ ծննդաբերեն:
Միջազգային երկու հեղինակավոր կառույցների հետազոտությունները վկայում են, որ առողջապահական ծառայությունների խափանումների ամենատարածված պատճառներից են կորոնավիրուսով վարակվելու վախը, առողջապահական կենտրոններից խուսափելը, տրանսպորտի սահմանափակումները, հաստատությունների փակումը կամ գործունեության կասեցումը, սակավաթիվ բուժաշխատողները՝ անհատական պաշտպանական միջոցների (ձեռնոց, դիմակ) բացակայությամբ պայմանավորված, ինչպես նաև ֆինանսական դժվարությունները:
Ջոն Հոփքինս համալսարանի՝ դեռ մայիսին իրականացված նախնական մոդելավորումը ցույց է տվել, որ համավարակի շրջանում առողջապահական ծառայությունների խափանումների պատճառով երեխաների շրջանում մահերի թիվը օրական կարող է գրեթե 6000-ով ավելանալ։
Այս զեկույցներն ու հարցումները ընդգծում են, որ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու և բարելավելու ծննդաբերական ծառայությունները, ինչպես նաև մայրերի և նորածինների նախածննդյան և հետծննդյան խնամքը` ապահովելով հմուտ բուժաշխատողների ներկայությունը ծննդաբերության ժամանակ: Կարևոր է նաև աշխատանք տանել ծնողների հետ՝ նրանց վախերը փարատելու համար։
Կարծիքներ