Չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, թե հանձնել եմ հողեր, ինձ պետք է մեղադրել դրանք չհանձնելու մեջ. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացնում է առավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի մասին զեկույցը:
Իր խոսքում անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, Փաշինյանը հայտնեց՝ 44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է:
Նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ նույնականացվել ու հուղարկավորվել են 2021թ-ին.
«Գրերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ ու հիմա պատրաստվում եմ դա անել: Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի նկատառմամբ իրեն պետք է մեղադրել հողերը չհանձնելու մեջ:
Անդրադառնալով այն շահարկումներին, թե ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից, վարչապետ Փաշինյանն ասաց.«2020թ-ի նոյեմբերից մինչև 2021թ-ի ավարտը Կառավարությունն Արցախում իրականացրել է 136 մլրդ դրամի ծրագիր, իսկ 2020թ-ի բյուջեով՝ 144 մլրդ դրամի ֆինանսավորում են նախատեսել, այսքանից հետո մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե Հայաստանն Արցախից ձեռքերը լվացել է: Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախից ինչպես հիմա»:
Հաշվետու տարում կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել՝ տարեսկզբի պլանավորվածի նկատմամբ 100 տոկոս: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել: 2021-ի կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշը նույնպես աննախադեպ էր 3-րդ հանրապետության պատմության մեջ՝ 217. 8 մլրդ դրամ, ընդ որում 2021-ի կապիտալ մեծությունը շուրջ 24.7 մլրդ դրամով գերազանցել է 2019-ի և 65.8 մլրդ դրամով՝ 2018-ի նույն ցուցանիշը: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021-ի 92.3 տոկոս կատարողականը վերջին 4 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:
«Որպես արդյունք 2021-ի դեկտեմբերին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 հազար 471, որը բացարձակ ռեկորդ է Հայաստանի նախորդող շրջանի ողջ պատմության համար: 2020-ի նույն ամսվա համեմատ աշխատատեղերի աճը կազմել է 6.1 տոկոս, 2019-ի նույն ամսվա համեմատ՝ 4.9 տոկոս, 2018 թվականի նույն ամսվա համեմատ՝ 12.1 տոկոս: Էականորեն աճել է միջին և համախառն աշխատավարձը»,-ասաց վարչապետը:
Կարծիքներ